«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է, որ փաստաբանը պարտավոր է չհրապարակել փաստաբանական գաղտնիքը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Փաստաբանական գաղտնիքը հրապարակելու դեպքերը սահմանված են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածով:
Փաստաբանը կարող է հրապարակել փաստաբանական գաղտնիքը, եթե`
1) առկա է վստահորդի համաձայնությունը.
2) դա անհրաժեշտ է նրա և վստահորդի միջև ծագած դատական վեճում կամ կարգապահական վարույթում պահանջները հիմնավորելու կամ իր պաշտպանության համար.
3) դա անհրաժեշտ է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված և փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը նախապատրաստվող փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման վերաբերյալ կասկածի կամ այդ օրենքով սահմանված լիազոր մարմնի հարցման հիման վրա այդ օրենքով սահմանված դեպքերում և կարգով լիազոր մարմնին տրամադրելու համար, բացառությամբ այնպիսի տեղեկատվության, որը ստացվել է հաճախորդից և այլ աղբյուրներից՝ դատական, վարչական, արբիտրաժային կամ միջնորդային վարույթում հաճախորդին պաշտպանելու կամ նրա շահերը ներկայացնելու հետ կապված օրենքով փաստաբանին վերապահված գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև իրավական խորհրդատվություն տրամադրելիս, բացառությամբ այն դեպքերի, երբ հաճախորդը խորհրդատվություն է ստանում փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
Փաստաբանը հրապարակում է փաստաբանական գաղտնիքը նաև այն դեպքում, եթե առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին տեղեկատվություն: