Ի՞նչ կարգով կարող են կալանավորել ԱԺ պատգամավորների

ՀՀ ազգային ժողովի կանոնակարգի համաձայն պատգամավորն անձեռնմխելիություն ունի:

Օրենքի 9-րդ հոդվածով սահմանվում է, որ՝

1. Պատգամավորական լիազորությունների ընթացքում և դրանից հետո անձը չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել պատգամավորի կարգավիճակից բխող գործողությունների, այդ թվում՝ Ազգային ժողովում հայտնած կարծիքի համար, եթե այն զրպարտություն կամ վիրավորանք չի պարունակում:

2. Պատգամավորին չի կարելի կալանավորել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկել՝ առանց սույն օրենքի 98-րդ հոդվածով սահմանված կարգով Ազգային ժողովի կողմից տրված համաձայնության:

3. Ազգային ժողովի նախագահն անհապաղ տեղյակ է պահվում պատգամավորի ձերբակալման մասին:

Նույն օրենքի 98-րդ հոդվածի համաձայն. 

1. Պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համար համաձայնություն տալու մասին միջնորդագիրը Գլխավոր դատախազը ներկայացնում է Ազգային ժողովի նախագահին, որն այդ մասին անմիջապես տեղեկացնում է պատգամավորին և ապահովում միջնորդագրի տրամադրումը պատգամավորներին Ազգային ժողովի նստավայրում:

2. Ազգային ժողովում միջնորդագիրը քննարկվում է, հետևյալ տարբերությամբ՝

ա) մինչև 20 րոպե տևողությամբ ելույթով հանդես են գալիս Գլխավոր դատախազը և միջնորդագրում նշված պատգամավորը, որոնց կարող են տրվել հարցեր.

բ) մտքերի փոխանակության ընթացքում կարող են ելույթ ունենալ միայն պատգամավորները.

գ) մինչև 20 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով հանդես են գալիս միջնորդագրում նշված պատգամավորը և Գլխավոր դատախազը:

3. Եթե հարցի քննարկումն սկսվելիս միջնորդագրում նշված պատգամավորը նիստին ներկա չէ (սահմանված կարգով գրանցված չէ), և նա իր բացակայության պատճառի մասին նախապես չի տեղեկացրել Ազգային ժողովի նախագահին կամ տեղեկացրել է, սակայն վերջինիս կողմից այն հարգելի չի համարվել, ապա տվյալ հարցն Ազգային ժողովում քննարկվում է առանց այդ պատգամավորի մասնակցության:

4. Պատգամավորին կալանավորելու, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու մասին Ազգային ժողովի որոշումներն ընդունվում են գաղտնի քվեարկությամբ, նիստին ներկա (սահմանված կարգով գրանցված) պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել