ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական դատավարությունում ապացույցների տեսակներից են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:
Լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրությունները, տեսագրությունները և դրանց էլեկտրոնային կրիչները հետազոտվում են համապատասխան տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ դիտման միջոցով։
Լուսանկարներ (լուսաժապավեններ), ձայնագրություններ, տեսագրություններ և դրանց էլեկտրոնային կրիչները թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնելիս դրանք ներկայացնող անձը պարտավոր է նշել` երբ, որտեղ, ում կողմից, ինչպես և ինչ պայմաններում են արվել այդ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները: Այդ փաստերը չբացահայտելու կամ դրանց վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելու դեպքում լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները չեն հետազոտվում և հանվում են ապացույցների կազմից:
Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել է առանց այդ անձի համաձայնության կամ իմացության, ապա ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե օրենքը դա չի արգելում։
Իրավական հիմքը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդված: