«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը, ի թիվս նոտարի կողմից իրականացվող նոտարական գործողությունների, սահմանում է նաև, որ նոտարը հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր: Նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 81.1-րդ հոդվածը սահմանում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, որոնք ենթակա են հաստատման նոտարի կողմից:
Նոտարը հաստատում է հետևյալ փաստերը.
1) անձանց ազգակցական հարաբերությունները.
2) անձի` ուրիշի խնամքի տակ լինելը.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ամուսնալուծության և մահվան գրանցումը.
4) ժառանգությունն ընդունելը և ժառանգության բացման վայրը.
5) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությունը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
6) սեփականության իրավունքով գույքի տիրապետումը.
7) անձանց բանավոր հայտարարությունները.
Նոտարը օրենքով նախատեսված դեպքերում հաստատում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
Ընդ որում, իրավաբանական նշանակություն ունեցող վերը նշված փաստերի հաստատման դեպքում նոտարին դիմելը դիտարկվում է որպես արտադատական կարգ, որի պահպանումը բոլոր դեպքերում անհրաժեշտ է, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: