Պետության ֆունկցիան իր քաղաքացուն պաշտպանելն է. Աննա Նիկողոսյան

Կանայք շատ ավելի շատ են զբաղված կենցաղային գործերով, քան տղամարդիկ: Ընտանիք, երեխաներ, կենցաղային հոգսեր, աշխատանք, կարիերա: Երբ ամբողջ բեռը լինում է կնոջ ուսերին,  նրա համար դժվար է լինում հաջողությունների հասնել։ Մեզ հետ զրույցում ասում է քաղաքացիական ակտիվիստ, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամ Աննա Նիկողոսյանը: Նրա հետ զրուցել ենք կանանց իրավունքների ոտնահարման դեպքերի, օրենսդրական խնդիրների մասին:   

-Աննա, այժմ Հայաստանում ինչպե՞ս են խախտվում կանանց իրավունքները:

-Շատ գլոբալ հարց է, որովհետև կանանց իրավունքները ոտնահարվում են տարբեր ոլորտներում և մակարդակներում: Ազատությունների սահմանափակումը կարող է սկսել տարրական մակարդակից, երբ խոսքը կնոջ մարմնի ազատության մասին է՝ ինչ արտաքին տեսք ունենա ,  մազերը կարճ լինեն, թե՝ երկար, ներկած կամ ոչ, այսինքն, կինը շատ հաճախ չի կարողանում տարրական որոշումներ կայացնել իր արտաքինի վերաբերյալ։ Այս ամենն ի հայտ է գալիս ցանկացած տարիքում, կարող է արմատական բնույթ կրել դեռահասության տարիքում և լինել շարունակական։ Մարմնի ազատությունը վերաբերում է նաև, օրինակ, աբորտին. երբեմն կնոջը ստիպում են, որ աբորտ անի, կամ երբ կինն է ուզում աբորտ անել, չեն թողնում։

Կան դեպքեր, երբ հասարակությունն ուղղակի որոշում է, որ կինն այստեղ կամ այնտեղ լինել չի կարող՝ օրինակ , քաղաքականության, շինարարության կամ այլ ոլորտներում։ Կան ոլորտներ, որտեղ կինը պետք է «չմտնի»: Եթե կինն աշխատում է մի տեղ, որը «դասականորեն» չի համարվում կանացի աշխատանքային տեղ, այդտեղ նույնպես նա առընչվում է խտրականությունների։

Կարող եմ ասել, որ կանանց զբաղվածության խնդիրը լուծված է, սակայն կան ընտանիքներ, որտեղ չեն թողնում կինը աշխատի:

-Հասարակության ընկալումների, դաստիարակության հարց է, կարծես:

-Կանանց դեռ շատ վաղ շրջանից ներշնչում են, որ նրանք պետք է լինեն միայն նուրբ, գեղեցիկ և համեստ, հետագայում մայր և տատիկ պիտի դառնան, և անկախ իրենց կամքից մտնում են այդ դերի մեջ։ Որոշները կարողանում են ազատվել դրանից և ասել, որ իրենց դերը միայն մայր ու կին լինելը չէ, իրենք բազում այլ հետաքրքություններ ունեն այս կյանքում և չպիտի սահմանափակվեն։ Շատերը մտնում են այդ դերի մեջ, մտածելով որ այդպես է ճիշտ և հետագայում էլ նույն դաստիարակությունն ապահովում իրենց հաջորդողների համար։ Այս ամբողջը մի համակարգ է, որը կոչվում է հայրիշխանական համակարգ և այդ համակարգում կանայք սահմանափակվում են որոշակի դերերով։

Միևնույն ժամանակ  մեծ ճնշումներ են լինում հենց տղամարդկանց վրա՝ նրանց պարտավորեցնելով ապահովել ընտանիքին ֆինանսապես: Երբ ֆինանսական խնդիրներ են առաջ գալիս, մեղադրանքներ են ուղղվում նրանց:  Հայրիշխանական համակարգի դրսևորումներից է, երբ կարևորվում է տղամարդկանց ուսումը, կարիերան: Իսկ կնոջ դեպքում, եթե լինում է ձգտում կրթվելու, կարիերա անելու, ապա առաջանում է պահանջ համատեղելու՝ եղիր լավ կին, եղիր լավ մայր, իսկ հետո ինչ ուզում ես, արա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանայք ավելի շատ են զբաղված կենցաղային գործերով, քան տղամարդիկ: Երբ ընտանիքում ծնվում են երեխաներ, նրանք առաջնային կապի մեջ են լինում մոր հետ, և տղամարդն այստեղ էլ երկրորդային է:

Երբ ամբողջ բեռը լինում է կնոջ վրա, նրան դժվար է լինում հաջողությունների հասնել։ Բայց եթե կարողանանք «խաղալ» այդ դերերի հետ և ճիշտ բաշխումներ անել, բնականաբար, կանայք ավելի մեծ առաջխաղացումներ կունենան:

-Ներկայումս կան մի շարք իրավական նորմեր, որոնցով կանխարգելվում է կանանց իրավունքների ոտնահարումները:

-Շատ կառույցներ կան, որոնք  աշխատում են իրավական դաշտը բարելացվելու ուղղությամբ, ընդունվել են գենդերային հավասարության, ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքները, բայց, իմ կարծիքով, այդ օրենքներն ուղղակի ավազահատիկ են մի մեծ ափում։ Չեմ ասում, թե սրանք կարևոր  չեն, սակայն մեզ պետք են նաև մշակութային, սոցիալական մտքի փոփոխություններ։ Մեզ պետք է, օրինակ, գրականություն ստեղծել, որ մարդը կարողանա կարդալ ու տեղեկանալ, թե ինչ է կնատիացությունը, ինչ է սեքսիզմը կամ ինչ է հայրիշխանությունը։ Հայալեզու գրականություն գրեթե չունենք այդ թեմաներով, ուր մնաց մարդիկ տեղեկացված լինեն կամ հասկանան, որ գուցե հենց իրենց վարվելակերպն ու մտածողությունը կարելի է հարցականի տակ դնել:

Կարևոր է նաև փոքր հասակից կրթությունը։ Դրա համար կրթել պետք է սկսել մանկապարտեզից, որ եթե աղջիկն ուզում է, օրինակ, ֆուտբոլ խաղալ, դա խնդիր չէ, և ամոթ չէ, երբ տղա երեխան ասեղնագործությամբ է զբաղվում:

Կարևոր է նաև, որ հենց կանայք, որոնք  անցել են դժվարությունների միջով ու հաղթահարել են դրանք, խոսեն և դառնան եթերային մոդելներ մյուս կանանց համար։ Կան կանայք, ովքեր բռնության են ենթարկվել  իրենց ամուսինների, ընտանիքի մյուս անդամների կողմից, այդ մասին բարձրաձայնել են, փոխել և վերաիմաստավորել են իրենց կյանքը, հիմա ապրում են երջանիկ։ Օրինակ, Հասմիկ Խաչատրյանը  գաթաներ է պատրաստում, ունի իր փոքրիկ բիզնեսը: Նա երկար տարիներ ենթարկվել է բռնության, այդ տարիների ընթացքում 2 երեխա է ունեցել: Մի գիշեր նա ուղղակի գիտակցել է, որ այլևս չի կարող դիմանալ, միայնակ փախել է տնից: Գիշերով անցնելով գետը, այդպես թաց, ինչ-որ տեղերում թաքնվելով Գեղարքունիքի մարզից հասել է Երևան:  Դժվար է, սակայն պետք է դադարեցնել հարաբերությունները, երբ կա բռնություն:

-Իսկ արդեն իսկ ընդունված իրավակարգավորոմները ի՞նչ հարց են լուծվում, որ մինչ այդ չէին լուծում։

-2013 թվականին ընդունվեց գենդերային հավասարության մասին օրենքը («Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին»), անցյալ տարի հետազոտություն կատարվեց, որը ցույց տվեց , որ օրենքն ունի բացառապես դեկլարատիվ բնույթ․ օրինակ, օրենքում գրված է, որ պետք է բացառել կնոջ նկատմամբ խտրականությունն աշխատավայրում, բայց հարյուրավոր դեպքեր կան, որ երիտասարդ կանանց չեն ընդունում աշխատանքի. իմանալով, որ նոր են ամուսնացել և ակնկալվում է, որ շուտով երեխա կունենան, ֆիզարձակուրդ կգնան,  նախընտրում են աշխատանքի ընդունել տղամարդու։ Եվ օրենքը չունի որևէ կարգավորիչ մեխանիզմ. ոչ քրեական, ոչ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում ոչ մի փոփոխություն չի արվել, նախատեսված չեն սանկցիաներ, և պրակտիկայում ոտնահարումները շարունակվում են:

-Իսկ ի՞նչ  կտա մեզ վերջերս ընդունված օրենքը՝ Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Բավականին քննարկվեց այն, քննադատվեց:

-Ես ունեմ իմ դիրքորոշումը, որը տարբերվում է կանանց խնդիրներով զբաղվող որոշ կազմակերպությունների դիրքորոշումից: Իմ դիրքորոշումն այն է, որ իրականում պետք է թույլ չտային, որ օրենքը նման կերպով ընդունվեր, որովհետև այս օրենքում խախտված է հիմնական ուղերձը՝ պետք է շեշտը դրվեր ընտանեկան բռնության կանխարգելման և բռնությունից պաշտպանվելու միջոցների վրա: Մինչդեռ ավելացվել են դրույթներ,  որոնց համաձայն, արվելու են գործողություններ ընտանիքում համերաշխության վերականգման համար։ Սա կարծես ծաղր լինի այն կանանց ճակատագրերի հանդեպ, ովքեր հենց այդ պատճառով բազմիցս ենթարկվել են բռնության, կամ, նույնիսկ սպանվել։ Օրենքում կան կետեր, որոնք հակասում են օրենքի բուն նպատակին:

Ըստ իս, պետությունն ընդհանրապես չպետք է իր վրա վերցնի ընտանիքի հաշտեցումը, դա ընդհանրապես պետության ֆունկցիան չէ, պետությունը պետք է միայն պաշտպանի իր քաղաքացիներին:

Օրենքում միակ դրույթը, որի հետ համաձայն եմ, այն է, որ բռնության դեպքում կարող է լինել նախազգուշացում, պաշտպանական որոշում և արտակարգ միջամտություն՝ այս  3 կետը նշանակում են, որ եթե կինը դիմել է ոստիկանություն և հայտնել իրավիճակի մասին, ոստիկանությունն իրավասություն ունի որոշակի ձևով արձագանքելու, ընդհուպ մինչև կնոջը տղամարդուց իզոլացնելու և ապաստարան տրամադրելու, ժամանակավոր կեցություն, մինչև իրավաբանորեն լուծվեն հարցերը։

– Եղե՞լ են դեպքեր, որ ապաստան գտնելուց հետո հաշտվեն և վերադառնան տուն։

-Ճիշտ է, ես անձամբ չեմ աշխատում ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ, սակայն ոլորտից տեղյակ լինելով կարող եմ ասել, որ որոշ դեպքերում հաշտվում են և շարունակում են ապրել միմյանց հետ, որոշ դեպքերում նորից բռնություններ են լինում: Այսքան տարիների ընթացքում միայն մի դեպք եմ լսել, երբ  տղամարդը վերանայել է վարվելաձևը։ Այլ դեպքերում բռնությունները երբեք էլ չեն վերացել, թեկուզ կանայք վերադարձել են տուն, որովհետև ուրիշ գնալու տեղ չեն ունեցել։

Նշեմ, որ ապաստարանների համար հասարակական կազմակերպություններ են դիմում։ Եվ ապաստան տրամադրում են 3-6 ամսով, ինչը, ցավոք, շատ քիչ է: Իհարկե, փորձում են ապահովել աշխատանքով, գտնել մատչելի վարձով բնակարաններ, լինում են դեպքեր, երբ արդյունքի հասնում են, լինում են՝ չեն հասնում։

-Ցանկանում եմ հարցնել նաև վերջին աղմակահարույց դեպքի մասին, երբ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները Երևանի ավագանու նիստին գարշահոտ բանկաները ներս էին տարել, իրարանցում, բռնություններ եղան: Շատերը քննադատում են հենց ավագանու անդամ կանանց՝ նման քայլի համար:

-Օրինակ, որ քննադատում  կամ ասում են չի կարելի, ուզում եմ հարց տալ՝ իսկ ի՞նչը չի կարելի, չի՞ կարելի մարդկանց որոշ համայնքների խնդիրները վերհանել, թե՞ չի կարելի դուրս գալ այդ պոլիտկոռեկտ և ոչնչի չբերող հարաբերություններից: Խնդրի լուծմանը բերող արարք էր: Սա նորություն չէր, եթե մի քանի տարի հետ գնանք, կտեսնենք, որ բնապահպանական ոլորտի ակտիվիստները նման ռադիկալ գործողություններ արել են, և դա ընդհանրապես ընդունված քաղաքական պրակտիկա է, երբ բերում և ասում ես՝ խմիր այս ջուրը, կամ քաշիր այս հոտը, որը մարդիկ տարիներ շարունակ խմում կամ շնչում են:  

Իսկ այն, ինչը դրսևորվեց «Երկիր Ծիրանիի» կանանց հանդեպ, մեկ բառով ուղղակի կկոչեմ՝ կնատիացություն։ Տղամարդկանց վերաբերմունքը, այդ նվաստացումները և հետագայում ասած խոսքերը, թե իբր կնոջ արարք չէր, ուղերձ էր բոլոր կանանց «իմացեք ձեր չափը», այդ թվում նաև քաղաքական ոլորտում։ Սա ուղղակի ցույց տվեց, թե որքան տարածված երևույթ է բռնությունը կանանց նկատմամբ, և եթե որոշ դեպքերում այն թաքնված է, տան ներսում է, ապա այստեղ այնքան  հանդուգն գտնվեցին, որ իրենց ագրեսիան և կնատիացությունը բացարձակ չթաքցրին։

Հարցազրույցը՝ Լիլիթ Խանոյանի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել