Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքւոմ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:
Օրենքի 1-ին հոդվածից կհանվեն «հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ)» բառերը:
Հիշեցնենք, որ կառավարությունը հաստատել էր, որ հունվարի 3, 4 և 5-ը աշխատանքային օրեր կդառնան:
Կառավարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ մեծանուն լեզվաբան Հրաչյա Աճառյանը հավաստում է, որ «տոնը» բնիկ հայերեն բառ է և նշանակում է հասարակական հանդես, հանդիսավոր օր: Հեռավոր անցյալում տոն է կոչվել աստվածներին մատուցած զոհը, զոհաբերվող կենդանին, որևէ հանդիսության նվիրված խնջույքը: Ժամանակների հետ տոնի իմաստը սեղմվել է, կայունացել և ստացել նշանավոր դեպքի կամ իրադարձության առիթով տեղի ունեցող հանդիսություն կամ հանդիսավոր օր իմաստը: Ազգային են կոչվում վաղնջական ժամանակներում ծնունդ առած տոները:
Օրինակ, մի քանի հազար տարվա հնություն ունեն Նավասարդյան տոները, որ հայ ժողովուրդը հանդիսավորապես նշում էր Բագրևանդ գավառում, Արածանի գետի ափին: Այն նաև պետական տոն էր, որովհետեւ հայոց պետությունը հոգ էր տանում, որ այդ տոնը նշվի պատշաճ մակարդակով: Պատմության քառուղիներում հայ ժողովուրդը պահպանել է ազգային, պետական ու եկեղեցական մի շարք տոներ:
Դրանցում արտացոլվում են ազգային նկարագիրը, հայկական ոգուն բնորոշ դրսեւորումները:
Պետական տոները հիմնականում արտահայտում են երկրի եւ ժողովրդի համար պատմական պահերը:
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով: Նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից:
Հայաստանի Հանրաապետությունում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 158-159-րդ հոդվածների, ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, և այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը (պաշտոնը) և վճարվում է միջին աշխատավարձը:
Սրան գումարենք 16 ոչ աշխատանքային օր` ազգային տոներ և հիշատակի օրեր, ստացվում է 36 վճարվող հանգստյան օր:
Կառավարությունը նշում է, որ նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը: Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն և կապահովի պետության սոցիալ-տնտեսական եւ ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը:
Օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 1-ից :