Գովազդատուի կողմից դեղ գովազդելը առանց առողջապահության բնագավառի լիազոր պետական կառավարման մարմնի թույլտվության կամ այդ թույլտվության պայմանների խախտմամբ կամ դեղի արտաքին գովազդը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով (150.000-200.000 ՀՀ դրամ):
Գովազդատուի կամ գովազդ արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետությունում չգրանցված կամ գրանցումն օրենքով սահմանված կարգով կասեցված կամ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող կամ հսկվող կամ դեղատանը ըստ դեղատոմսի կամ ըստ դեղագրությունների պատրաստվող դեղի կամ բժշկի հատուկ նշանակում պահանջող դեղի գովազդը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր անվանմամբ դեղի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Գովազդատուի կողմից դեղ չհամարվող ցանկացած արտադրանքի (կենսաակտիվ հավելումներ, գեղարարական միջոցներ և այլն)՝ որպես բուժման միջոցի գովազդումը կամ գովազդատուի կողմից գովազդի նպատակով դեղն ուղղակիորեն սպառողին տրամադրումը կամ բժշկական գործունեությամբ զբաղվող անձանց (բժիշկ, միջին և կրտսեր բուժանձնակազմ) գովազդի նպատակով դեղերի անվճար նմուշների տրամադրումը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով (150.000-200.000 ՀՀ դրամ):
Դեղատոմսով իրացվող կամ բաց թողնվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվության միջոցներով՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ տեղեկատվությունը տարածող ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
Իրազեկման աղբյուր՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Օրենսգիրք» (հոդված 47.10.)