Հնարավորություն կտրվի բուժաշխատողների զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնել

Առողջապահության նախարարությունը շրջանառության է դրել «Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և ՀՀ կառավարության 2011թ-ի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Այս նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշման N 3 հավելվածի` «Առողջապահության ոլորտում հայտնաբերված կոռուպցիոն ռիսկերի և դրանց չեզոքացմանը և (կամ) նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագրի» 11-րդ կետի պահանջների կատարման անհրաժեշտությամբ:

Հիմնավորման մեջ նշվում է, որ թեպետ այս գործընթացը կարգավորվում է ՀՀ կառավարության  2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշմամբ, իրականում ավագ բուժաշխատողների սահմանված կարգով աշխատանքի ընդունումը հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերություններում իրականացնում է բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը (գլխավոր տնօրենը) և փաստացի այդ որոշումը չի իրականացվում տարբեր պատճառներով: Ստացվում է, որ կամ պետության կողմից սահմանված կարգավորումները անտեսվում են, կամ չկա դրա վերահսկողության մեխանիզմներ, ինչն առավել քան անթույլատրելի է:

Նախագծի նպատակն է վերահսկելի դաձնել հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերությունների բուժանձնակազմի աշխատանքի ընդունման հետ կապված հարաբերությունները, բացառել պետական մասնակցությամբ բուժհիմնակների գործադիր մարմինների կողմից կամայական որոշմամբ կադրեր ընտրելու  հնարավորությունը, ինչպես նաև նոր կարգի սահմանումը հնարավորություն կտա բուժաշխատողների զբաղեցրած պաշտոններին նրանց համապատասխանության նկատմամբ հսկողություն իրականացնել:

Եթե նախագիծն ընդունվի, ապա ակնկալվում է հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող բաժնետիրական ընկերությունները առավել որակյալ  և բանիմաց բժշկական մասնագետներով ապահովում, ինչը կբարձրացնի կազմակերպությունների բժշկական սպասարկման որակը և ընդհանուր գործունեության արդյունավետությունը:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել