Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու դեպքում ձերբակալումն իրականացրած մարմինն անհապաղ տեղեկացնում է հետախուզման նախաձեռնողին՝ պահանջելով տվյալ պետության իրավասու մարմնի կողմից կայացված՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը: Անձի ձերբակալման մասին հաղորդումն անհրաժեշտ փաստաթղթերի հետ անհապաղ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ձերբակալման արձանագրությունն ստանալուց հետո ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում է միջազգային հետախուզում հայտարարած պետության իրավասու մարմիններին և (կամ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Եթե անձի ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում չի կայացվել նրան ժամանակավոր կալանավորելու մասին Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումը, ապա ձերբակալված անձը ենթակա է անհապաղ ազատման:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառմանը: Մինչև անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը կարող է հանձնվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլի) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը: Դատախազն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը և ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը: Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը, Օրենքով սահմանված կարգով, անհապաղ տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին:
Իրազեկման աղբյուրը՝ ՀՀ Քրեական Դատավարության Օրենսգիրք 478.1. և 478.2. հոդվածներ