Այս ծրագիրը իսկապես աշխատել ցանկացող հասարակական կազմակերպությունների համար է. ՀԿ ներկայացուցիչ

Հայաստանի ամերիկյան համալսարանում շարունակվում է Եվրամիության կողմից ֆինանսավորող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների համար նախատեսված դասընթացները։

Արդեն երրորդ խմբի մասնակիցները, ովքեր Երևանից և Հայաստանի 5 մարզից են՝ դասընթացների շնորհիվ կզարգացնեն իրենց կարողությունները կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական ու արդյունավետ երկխոսություն ծավալելու, ռազմավարական ծրագրեր գրելու հմտությունները։

«Բաց սահմաններ» խաղաղության, ժողովրդավարության և զարգացման ինստիտուտ ՀԿ-ի ներկայացուցիչ Էլեոնորա Բեգոյանը նշում է, որ նման  դասընթացները փորձի փոխանակման միջոց են և ՀԿ-ներ կան, որ ինչ-որ չափով նույն ուղղությամբ են աշխատում, բայց միմյանց մասին տեղեկացված չեն, նրանք առանձին-առանձին ինչ-որ մի փոքր խնդիր են լուծում, սակայն ծրագրի շնորհիվ  հնարավորություն է ընձեռնվում միանալու, ցանցեր ստեղծելու և ավելի մեծ խնդիրներ լուծելու համար։

«Մենք քննարկում ենք թեմաներ, որտեղ խոչընդոտների ենք բախվել կառավարության կամ ՏԻՄ-երի հետ երկխոսության ժամանակ, այստեղ իրենք մեխանիզմներ, հմտություններ են տալիս, թե ինչպես կարող ենք երկխոսություն ստեղծել՝ ոչ թե ձևական երկխոսություն, այլ թե ինչպես հաջողության հասնել, ազդեցիկ լինել, որ խնդրի լուծումն իրականացվի»,-մանրամասնեց Է․ Բեգոյանը։

Գյումրիում հիմնադրված «Առաջադեմ երիտասարդները հանուն համայնքային զարգացման» հասարակական կազմակերպութույունն արդեն գործում է նաև Երևանում և Վայքում, իսկ Արցախում՝ Ստեփանակաերտում, առաջիկա երկու ամիսների ընթացքում կզբաղվեն նաև սոցիալական ձեռնարկատիրությամբ։ ՀԿ-ի ներկայացուցիչ Ժորժ Սեյրադարյանը նշում է, որ ՔՀԿ-ների համար մշակված ծրագիրը լավն է աշխատանքային գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող ՀԿ-ների համար․ «ՀՀ պետական ռեգիստրում գրանցված է 5000-ից ավել հասարակական կազմակերպություն, որոնց մեծ մասը չեն աշխատում կամ մարդ-կազմակերպություններ են, իսկ նման ծրագրերը թույլ են տալիս հասկանալու՝ ինչպե՞ս կազմակերպել իրենց գործունեությունը, ի՞նչ գործընկեր կազմակերպություններ ընտրել»,-ասաց Ժորժ Սեյրադարյանը։

Նշենք, որ դասընթացը կազմակերպվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանաակներում։ Այն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ն (Չեխիա), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի (ՍԻՎԻՏԱՍ), Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի և Հայաստանի համայնքների միության հետ համագործակցությամբ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել