Ընկերդ կարող է դառնալ մարտական ընկեր, բայց մարտական ընկերն ուղղակի ընկեր՝ երբեք. Շուլի Հակոբյան

Շուլի Հակոբյանը Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ 4 կրակոցով 3 տանկ խոցած գյումրեցի ապրող ու ապրեցնող հերոսն է: Արցախի Հանրապետության ՊԲ նախկին զինծառայող ավագ սերժանտը 2016 թ-ին պարգևատրվել է ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով: Շուլին պատմում է, որ քառօրյա պատերազմը շատ բան է փոխել իր մեջ:

-Ո՞վ է Շուլին:

-50-60 տարվա արհեստավոր պապուս անունը կրողը, իմ հոր որդին, հետո ես՝ Շուլին:

-Երբ քեզ զանգում էի հարցազրույցի համար, կեսօրին մոտ էր, բայց քնած էիր դեռ: Բանակում դժվա՞ր էր առավոտյան վերկացը և արթնանալուց առաջին բանը, որ մտքովդ անցնում էր, ի՞նչ էր:

-Նորիիի՜ց… Բայց դե դա սկզբում էր, հետո հոգնում էինք ու քնում, հանգստանում, առավոտյան էլ կարողանում էինք արթնանալ: Արդեն սովորական դարձավ, ու ոնց տանն ես արդեն մտածում՝ դե արթնանամ, լվացվեմ, նույնն էլ բանակում. լվացվել, ֆիզպատրաստություն…

-Բանակը սիրում ես, ի՞նչն ես կարոտում:

-Ամեն ինչը:

-Հիմա Պաշտպանության նախարարի առաջարկով ՊՆ-ում ես աշխատում: Դա՞ է պատճառը:

-Այո՛, աշխատում եմ նախարարությունում:  Բայց, չէ՛, նման բան չկա: Կարոտում եմ:

-30 րոպե, խրամատից դուրս, ֆագոտով 4 կրակոց, խոցված 3 տանկ, բայց որքանով որ տեղյակ եմ, նույն կետից նորից կրակել չի կարելի, հստակ թիրախ ես դառնում հակառակորդի համար:

-Պահը թելադրեց: Այդ պահին հարկավոր էր, արել եմ:

 Ապրիլի 3-ի գիշերը Թալիշի մարտական դիրքերից մեկում հայկական կողմն ադրբեջանական տանկի կրակոցից երկու զոհ  է ունենում: Ապրիլի 4-ի առավոտյան, երբ Շուլին արդեն Թալիշի ամենավտանգավոր դիրքերից մեկում էր, հակառակորդն ի ցույց է դնում իր տանկերը: Նրանց դիրքում ֆագոտ հաշվար է լինում և կարիք կար, որ տղաներից մեկը ֆագոտով ոչնչացնի հակառակորդի զինտեխնիկան, Շուլին էլ միանգամից համաձայնում է կատարել այդ պատասխանատու գործը: Նպատակահարմար գտնելով կրակել ոչ թե խրամատից, այլ ավելի բարձրից, նա դուրս է գալիս խրամատից ու արձակում առաջին հարվածը: Առաջին արձակած հրթիռն իր նպատակին չի ծառայում, բայց 2-րդը հրթիռը խոցում է տանկը, դրանից հետո՝ 3-րդը, 4-րդը: Մի քանի րոպեում 3 խոցված տանկից հետո թշնամին հասկանում է, որ անզոր է:

-Մեր զենքերը բավարար ուժ ունե՞ն հակառակորդին դիմակայելու համար:

-Ես չեմ կարող ուղղակի ասել՝ մեր զենքերն 80-90-ականների զենքեր են, իսկ 1990 թվականից հետո ինչ էլ արտադրվել է, մենք ունենք արդեն:

-Այն ֆագոտով, որ կրակել ես, ո՞ր թվականի էր:

-1980-ական: 🙂

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ Շուլի Հակոբյանին պարգևատրելիս

-Վրեժդ լուծեցի՞ր:

-Չէ, իրենց ինչ էլ անես քիչ է: Էլի էի տանկի սպասում, չեկան: Փախան: Ասում են՝ հետ են նահանջել, բայց ինչքան էլ գրական կամ ռազմական տերմիններով խոսենք, մեկ է՝ փախել են:

-Շուլի՛, թշնամուն հարգել պե՞տք է:

-Այո՛: Բայց «թշնամուն հարգել» արտահայտության մեջ չի մտնում՝ հարգել ադրբեջանցուն: Ավելի շատ պետք է մեր ներկայիս հակառակորդին չթերագնահատենք:

-Իրենք մեզ թշնամի՞ են, թե՝ հակառակորդ:

-Թշնամի են, հակառակորդ չեն: Ես ինձ հակառակորդ համարում եմ նրան, ով իմ, իմ ընտանիքին վատն է ցանկանում: Հայրենիք ասելով էլ հասկանում եմ ընտանիքս: Ես որ սահմանին կանգնած էի, այդ օրերին ոչ թե ասում էի՝ հիշել եմ  հայրիկիս, մայրիկիս… չէ, չեմ մտածել, որ իմ էմոցիաներին չտրվեմ, դա ինձ չխանգարի, ու դա տվեց իր արդյունքը: Բայց որ ասում են ու՞մ համար էիր կռվում, ես ասում եմ հայրենիքիս՝ այսինքն ընտանիքիս, քաղաքս, Լեննականս…:

Ապրիլյան մարտական գործողություններից հետո շատ արժեքներ փոխվեցին, շատ բաներ առաջ եկան, հիմա իմ համար չունեմ անձ, ում ես չեմ սիրում: Հիմա ասում եմ, դե լավ, մարդ էր, սխալվեց:

-Քառօրյայի մյուս հերոսներից՝ Ռաֆայել Հովհաննիսյանի, Հարություն Բադալյանի, Գևորգ Մանուկյանի և էլի մի քանիսի հետ շատ մոտ ես, բանակում եք մտերմացե՞լ: Ինչո՞վ են մարտական ընկերներդ տարբերվում ընկերներիցս:

Քառօրյա պատերազմի մասնակիցները

-Հա, էնտեղ եմ ծանոթացել, մտերմացել: Իրենք ամեն-ամեն ինչով տարբեր են: Մարտական ընկերներիդ մեջ էնպիսի բանով ես անցել, որ ընկերներիդ հետ չի լինի: Ընկերդ կարող է դառնալ մարտական ընկեր, բայց մարտական ընկերն ուղղակի ընկեր չի կարող լինել: Թող իմ ընկերներն ինձ ներեն, բայց ինձ համար մարտական ընկեր հասկացողությունն ուրիշ է ու տեղ էլ կա՝ բարձր:

-Համալսարանում քննություններդ ստանալու հարցում հերոս լինելդ օգնում է:

-Հերո՜ս: Ես հերոս չեմ: Դասախոսները դա հաշվի առնում են, բայց հատուկ դրա համար գնահատակ չեմ ստանում, իսկ սովորելուն իմ ցանկությունն է պետք, ոչ թե՝ ով լինելը: Ինձ հերոս մի՛ ասա: Իր կյանքը տվողն է հերոս:

-Գյումրի-Երևան ճանապարհն ես սիրում, թե՞ Երևան-Գյումրի:

-Երևան-Գյումրի: Տուն գնալս: Էստեղ ընկերոջս հետ եմ ապրում, սովորում, աշխատում: Բայց տուն շատ հաճախ եմ գնում: Կարոտում եմ, հո անջիգյար չե՞մ:

-Միջոցառումներից մեկում գրկել էիր քառօրյայում զոհված Բենիամին Եղոյանի քրոջ որդուն՝ Մոնթեին. քո Մոնթեին չե՞ս ուզում:

-Շատ եմ ուզում եմ, բայց իմ Արմենը կլինի, հետո էլի մոնթեներ կուզեմ: (Արմեն անունը կրում է Շուլիի հայրը):

Ես սիրում եմ պապուս, հորս գործը՝ արհեստը՝ թիթեղագործությունը: Ո՞նց չսիրեմ, երբ մեծացել եմ արհեստավորի ընտանիքում, կերել եմ արհեստավորի քրտինքով վաստակած հացը ու մեծացել այդ մթնոլորտում՝ արհեստավորների ու վարպետների հին քաղաք Գյումրիում:

Նշենք, որ Շուլիի տունդարձի ժամանակ հայրենի քաղաքում մեծ շուքով են դիմավորել հերոսին,  նա ստացել է նաև Գյումրի քաղաքի ոսկե հուշամեդալ, բացի այդ Հակոբյանը 2016 թվականի սեպտեմբերի 21-ին դարձել է «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի հայաստանյան հաղթողը:

-Շուլի՛, բանակում աղջիկները տեղ ունե՞ն:

Փոքրիկ Շուլին մոր՝ Անահիտ Հակոբյանի գրկում

-Ունեն, բայց շատ տեղ տալ պետք չի:

-Չես վստահու՞մ:

-Հո չմեռանք մենք:  🙂   Առյուծն առյուծ է, լինի էգ, թե որձ:

-Բանակում ի՞նչը կփոխեիր

-Փոխողներն արդեն փոխում են:

-Քո մեջ ի՞նչը կփոխեիր:

-Փոխվեց էլի, հերիք չէ՞:

-Երջանիկ ես, որ…

-Որ հայ եմ: Դա երջանկություն է, գիտակցել է պետք:

Սպարապետ Վազգեն Սարգսյանն իր պատմվածքներից մեկում գրել է՝ «Պատերազմում զոհվե՞լն է հեշտ, թե տուն վերադառնալը»…

-Երկուսն էլ դժվար է: Տուն գալն էլ:

Լուսանկարները՝ Շուլի Հակոբյանի անձնական արխիվից

Հարցազրույցը՝ Ալիսա Չիլինգարյանի

Ֆոտոշարքը՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել