Հերոսները մեր այն ընկերներն են, ովքեր զոհվել են քառօրյա պատերազմում. Հարություն Բադալյան

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին զինծառայող ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Հարություն Բադալյանը 2016 թ.-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի ապրող ու ապրեցնող հերոսներից մեկն է: Փոքրամարմին երիտասարդը չի սիրում իր մասին շատ խոսել, կիսվում է քչերի հետ, բայց մեզ հաջողվեց բացահայտել Հարությունի մի քանի գաղտնիքներն ու նոր դրվագներ իմանալ երիտասարդ հերոսի կյանքից: 

-Հարությու՛ն, շքանշանդ ծանր չէ՞:

-Քաշով շատ թեթև է (ծիծաղում է): Ծանր է հասկացողի համար: Կլինի մեդալ, գերատեսչական մեդալ, թեկուզ պատվոգիր, իրենցից ծանրություն են ներկայացնում, եթե ինքդ հասկանում ես, գիտակցում ես, թե ինչ պարտավորվածություն ունես: Ոչ միայն բանակային կյանքում՝ քաղաքացիականում նույնպես, ինձ պարտավորեցնում է, որ ինձ պարգևատրել են ինչ-որ կատարած գործի համար, բայց այդ գործն էլ լիովին արված չի, քանի մեր ազգը հնարավորինս լավ չի ապրում: Այդ գործը զուտ սկսված է ու շարունակելու կարիք ունի:

-Ապրիլյան քառօրյայից հետո բազմաթիվ ամբիոններից ելույթներ եք ունեցել, շատ հարցազրույցներ, ձեզ ծափահարում են, դժվարությա՞մբ եք նման շփման գնում:

-Գաղտնիքը բացահայտեմ, իրականում նման տեղերում ես միշտ լարվում եմ, բայց այդ լարվածությունն ինձ ավելի շատ օգնում է, եթե չլարվեմ մատների արանքով կնայեմ դրան: Երբ ինչ-որ խոսք եմ ասում, պարտադիր չի լինի երկար ու ամենագրագետ ձևով, այլ պետք է այնպես խոսեմ, որ մարդուն հասկանալի լինի, ավելի ընկալելի լինի, որ քո միտքը, ասելիքը, ձգտումը հասկանա, նրան քո ուղղությամբ փոխես:

-Հիմա՞ էլ ես լարվում: 

-Ինչո՞ւ ոչ: Սա էլ մի միջոց է մարդկանց փոխանցելու մեր ձգտումները:

-Քառօրյա պատերազմի մասին միշտ դժվարությամբ ես խոսում, հոգոցով…

-Ինչքան էլ փորձեմ խոսել, մատուցեմ ժողովրդին, մի քիչ ուրիշ է, դա ապրել է պետք, դա զգացողություն է ուղղակի հասկացություն չէ, վեհ պատկերացում գոյություն ունի:

Տիգրան Մեծը Պոմպեոսի առջև ծունկի իջավ ու խնդրեց տարածքները. հիմա պատկերացրեք ձեզ հակառակորդի առաջ ծնկաչոք ինչ-որ բան խնդրելուց: Ես ինձ չեմ պատկերացնում:

-Քեզ երևի շատ են հարցնում, թե ինչպե՞ս եղավ կռիվը, ինչպե՞ս վիրավորվեցիր, ո՞նց վերադարձար դիրքեր, ու ասում ես, որ քեզ մարդիկ չեն հասկանում, միայն մարտական ընկերներդ են հասկանում: Ի՞նչն է պակասում:

ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ Հարություն Բադալյանին շքանշանը փոխանցելիս

-Իմ ամենաչսիրած հարցերից մեկն է, թե ի՞նչ էիր զգում այդ պահին: Որ ասեմ հայրենասիրական երգն ականջներից մեջ գնում էի առաջ… ոչ:  Չեմ սիրում հայրենասեր, ազգասեր բառերը: Իսկ երբ այդ բարերը վավերագրում են ինձ, ես ուղղակի ատում եմ այդ բառը: (Չնայած Հարությունը մի փոքր ջղայնացավ, այնուամենայնիվ շարունակեցի):

-Դու չես սիրում, որ քեզ հերոս են ասում, հերոսի պես ընկալում, ինչու՞, չէ՞ որ դա իրոք հերոսություն է եղել:

-Հերոսները մեր այն ընկերներն են, ովքեր զոհվել են, իմ կարծիքով ողջ հերոս չի լինում: Հիմա ամեն երկրորդի խոսքը հայրենասերն է ու հայրենասիրական երգը: Հայրենասերն իմ համար իմ այն ընկերներն են, որ դիրքեր են մտնում ու դուրս գալիս, նորից գնում, բայց իրենց ոչ մեկից ես այդ բառը չեմ լսել ոչ մի անգամ:

-Բանակում ինչ-որ բան կա՞, որ կարոտում ես:

-Շատ բաներ կան, դիրքերը, շատ-շատ բաներ ու հիմա էլ շատ կուզեմ նորից, թեկուզ մի օրով շրջեմ դիրքով, որովհետև ինձ համար երկրորդ տուն է դարձել: Կյանքդ ես ներդնում այդ դիրքի համար, ամեն ինչ փորձում ես անել, որ լավ լինի:

 -Ծնունդդ ապրիլի 1-ին է, սիրու՞մ ես այդ օրը:

-Ծնունդիս օրը շատ էի սիրում… բայց իմ մոտ ընկերը զոհվեց այդ օրը, մի քանի մետր ինձնից հեռու, հենց իմ ծննդյան օրը: (Հարությունի բառերը սկսեցին ընդհատ դառնալ, ինձ չէր նայում, խոսում էր՝ բառերը հատ-հատ ընտրելով): Հիմա էլ այն ոգևորությամբ չեմ նշում ինչ-որ առաջ, փոխվել է:

-Մահն ի՞նչ է քեզ համար:

-Ես ճիշտ եմ համարում, որ ամեն ինչին մարդ պետք է խորը նայի, բացի մահվաից: Եթե շատ խորը մտածի մահվան մասին, շատ կառչի իր կյանքին, կկորցնի ամեն ինչ: Դիրքերում կանգնած մտածել եմ, որ մեկա մի օր մեռնելու եմ, չեմ մտածել այդ մասին: Շատ վտանգավոր քայլեր եմ արել դիրքերում, բայց եթե մի պահ մտածեի, որ կարող եմ մահանալ, կարող է իսկապես մահանալ:

Հարություն Բադալյանը ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վիրավորվել է հակառակորդի նռնակի բեկորներից, տեղափոխվել հոսպիտալ, բայց մինչ այդ ընկերների հետ միասին հետ է մղել թշնամու հատուկ դիվերսիոն՝ «Յաշմա» խումբը, իսկ դիրքը եղել է հատուկ նշանակության, քանի որ այն կորցնելու պարագայում այլ դիրքեր ևս կտուժեին: Թշնամին իր զոհերին թողել է մեր դիրքերում ու փախուստի դիմել, նրանց հետապնդել է արդեն իսկ վիրավորված Հարությունը:

Բացի այդ, նույն օրը հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվում է սերժանտ, դասակի հրամանատարի տեղակալ Վլադիմիր Մելքոնյանը։ Հարությունն առաջադրանք է ստացել ոչնչացնել այն դիրքը որտեղից որ կրակոց է արձակվել: 36 արկի կրակոցից հետո հակառակորդի դիրքը ոչնչացված է եղել։ Ադրբեջանական կողմը տվել է 2 զոհ և 7-ից ավելի վիրավոր։

Վերականգնվելուց հետո Հարությունը հետ է վերադարձել դիրք, սովորական կոշիկներով, քանի որ վիրավորումից հետո դեռ չէր կարողանում զինվորական կոշիկներ հագնել:

-Ինչի՞ց ես վախենում:

-Ես իմ վախերից չեմ սիրում խոսել: Դա թուլություն է, որ չպետք է բացահայտես: Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրենց վախը բացահայտում են: Ես էլ շատ վախեր ունեմ, բայց դա չեմ բացահայտի ու թույլ էլ չեմ տա, որ այդ նույն վախը հաղթի ինձ: Ես պարտվել չեմ սիրում:

-Բանակի ուտելիքները համե՞ղ էին, ինչ ես ամենից շատ սիրում ուտել:

-Սոված մարդու համար ամեն ինչն էլ համեղ է: Եթե բանակում կարողանաս կուշտ լինես, ուրեմն դու զինվոր չես: Պետք է հաց ուտես, բայց հետո չմոռանաս ծառայությանդ մասին, ծառայես ու էլի սովածանաս: Եթե կուշտ լինես, ուրեմն ոչ մի գործ չես արել, ամբողջ օրը պառկել ես, ոնց որ քաղաքացիական կյանքում: Զինվորը միշտ պետք է սոված լինի:

-Կրթությունն ի՞նչ տեղ ունի քեզ համար:

-Ես ուշադիր եմ շրջապատիս հանդեպ, կարող է ռադիոյով ինչ-որ բան լսեմ ու դա կպահեմ իմ մեջ, կսովորեմ: Դա ինձ համար շատ կարևոր է, կլինի քաղաքական գործիչ, ավտոբուսի վարորդ, դա էլ մի ձև է սովորելու:  Դու աշխատելով էլ ես սովորում, ես համալսարանում էլ իմ աշխատանքի շնորհիվ քննություն եմ հանձնել: Ամեն ինչն էլ կարելի է կրթության վերածել:

Շքանշանակրի կարծիքով, լավ կլիներ, որ գոնե սպաները սովորեին հակառակորդի լեզուն, դա քայլ առաջ կլիներ բանակի զարգացման հարցում, քանի որ հաճախ նրանք բարձր-բարձր խոսում են դիրքերում. կամ ավելի մոտ գտնվելու ժամանակ, եթե նրանց հասկանային, հաստատ ավելի կշահեին: 

-Տարբերություն դնու՞մ ես արցախցիների ու հայաստանցիների միջև:

-Անհնար է տարբերություն չդրվի: Տարբերությունը դնում եմ մարդկանց մեջ, բայց հողի մեջ՝ երբեք: Չեմ կարող ասել իրենք մերոնք չեն՝ մերոն ենք, հողը մերն է, ես պահել եմ այդ հողը, դա Հայաստան է, առանձին չէ:

-Ընտանիքում ունես նաև 3 քույր, տարիքով ամենափոքրն ես, տանն ամենաշատը ու՞մ հետ ես մոտ:

-Հայրիկիս, համ իմ ընկերն է, համ իմ հայրը: Բայց շատ չեմ կիսվում, օրինակ դիրքեր պահելուց ոչ-ոք չի իմացել, որ էդտեղ եմ, ընկերներիցս էլ՝ շատ քչերը, ես էդպիսին եմ:

Ես շատ մոտ մարդիկ ունեմ, բայց քանի որ բացվող չեմ, բոլոր գաղտնիքներս չեմ կարող մեկի հետ կիսել, եթե Աստված տա նման մեկին պատահեեմ, կիսվեմ մեկի հետ, իրեն իմ թուլությունների մասին ասեմ կամուսնանամ իր հետ: Սիրում եմ նուրբ, փոքր-մոքր աղջիկների, որ առանց շպարի էլ նուրբ լինեն, ես շատ եմ գնահատում նրբությունը, գեղեցկությունը:

-Երբ ապրիլին քեզ շնորհեցին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, տարբեր լրատվամիջոցներով քո մասին էին խոսում, սկսեցին լուրեր շրջանառվել, թե՝ հարուստի տղա է դրա համար էլ տվել են. ինչպե՞ս ընդունեցիր այդ լուրը:

-Շատ կուզեի, որ իրոք շատ հարուստ լինեի: 😀 Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու՞ մարդիկ այդպես արձագանքեցին: Բայց չեմ մեղադրում, դա ժողովրդի կարգավիճակից էլ է գալիս: Ես փորձեցի ուղղակի հասկանալ: Եթե մեզ մոտ «ոչ անապահով» է գրվում ուրեմն համարում են, որ հարուստ ես: Պետք է բոլորն էլ ձգտեն հարստության, բայց չվաճառվեն դրա համար:

-Քառօրյայից առաջ և հետո, ի՞նչ կար ու ի՞նչ փոխվեց:

-Կյանքում ամենաշատը սիրում եմ, երբ իմ նպատակին հասնում եմ, ինչ-որ բանին հասնելու ձգտումս եմ սիրում: Որ հասնում եմ նպատակիս, դատարկությու՞ն, չէ, չեմ զգում, որովհետև նպատակներս անսահմանափակ են, միշտ նոր բանի եմ ձգտում: Երազանք ունեմ այնպիսի բաների մասին, որոնք չեն իրականա, մեկն օրինակ, որ լավ հոգեբան լինեմ, մեկն էլ, որ բրենդային հագուստի մեծ խանութ ունենամ, բայց դրանք նպատակներ չեն: Իմ նպատակներն ապրիլյան քառօրյայից հետո շատացել են, պետք է ամեն ամեն ինչ անեմ, որ հասնեմ նաև իմ կորցրած ընկերների նպատակներին:

-Քառօրյան հաղթեցի՞ր

-Ոչ:

-Ի՞նչը կփոխեիր բանակում:

-Երևի ոչինչ:

-Ի՞նչը կփոխեիր քո մեջ:

-Ոչինչ, ես ինձ սիրում եմ: 😀  Կփոխեի մենակ այն, որ ամեն ինչից շուտ չհոգնեի:

-Ամենամեծ առավելությու՞նդ:

-Չգիտեմ, թերություններս գիտեմ: Ես ամեն ինչից շատ շուտ եմ հոգնում, կլինի ժամ, վզնոց, ցավոք սրտի, մարդկանցից էլ…Դա իմ բացասական կողմ է:

Երջանիկ ես, որ…

-Հայ եմ:

-Եթե հանկարծ…

-Չհասնեմ նպատակիս՝ կկործանվեմ:

-Սպարապետ Վազգեն Սարգսյանն իր պատմվածքներից մեկում գրել է՝ «Պատերազմում զոհվե՞լն է հեշտ, թե տուն վերադառնալը»…

-Եթե ինքդ քո մասին խոսես, զոհվելը շատ ավելի հեշտ է: Հետ գալն ու այդ ամեն ինչի մեջով անցնելը… ինչքան էլ ցույց չտաս բիծը թողնում է քո մեջ: Զոհվելը հեշտ է, դժվար է ողջ մնալը, մարդ մնալը:

 Լուսանկարները՝ Հարություն Բադալյանի անձնական արխիվից

Հարցազրույցը՝ Ալիսա Չիլինգարյանի

Ֆոտոշարքը՝ Ալեքսանդր Սարգսյանի

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել