ԵԱՀԿ ԽՎ նախագահը և հատուկ ներկայացուցիչը ափսոսանք են հայտնել երևանյան գրասենյակի հարցում համաձայնության չգալու կապակցությամբ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը ափսոսանք են հայտնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու շուրջ համաձայնության չհասնելու կապակցությամբ։ Ակնկալվում է, որ գրասենյակը կփակվի առաջիկա ամիսների ընթացքում։

«Ցավում եմ, որ, չնայած գործադրած երկարատև ջանքերին, Մշտական խորհուրդը համաձայնության չի եկել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատը երկարաձգելու և գրասենյակի աշխատանքի շարունակականությունը ապահովելու հարցում»,- ասել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը։ «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը բազմիցս կոչ է արել գործունեության մշտական մանդատներ և բոլոր անհրաժեշտ բոլոր ռեսուրսներ տրամադրել տարբեր վայրերում գտնվող ԵԱՀԿ ներկայացուցչական գրասենյակներին, վերջիններիս հնարավորություն ընձեռելով իրականացնել իրենց կենսական նշանակություն ունեցող խնդիրները, սակայն ափսոսանքով նշում եմ, որ ևս մեկ ներկայացուցխություն է փակվում», հավելեց ԵԱՀԿ ԽՎ նախագահը։

Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության կարևորությունը Հայաստանի և ԵԱՀԿ համար և ավելացրել, որ ԵԱՀԿ ԽՎ-ն կշարունակի ակտիվ մնալ տարածաշրջանում։

«Անցած տարիների ընթացքում Վրաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ գրասենյակների փակումից հետո, երևանյան գրասենյակը խորհրդանշանական և գործնական նշանակություն է ունեցել, ինչը չի կարելի անտեսել։» «Անձամբ ես դիվանագիտական առաքելություններ իրականացնելիս օգտվել եմ գրասենյակի փորձից և հուսով եմ, որ մինչև գրասենյակի վերջնական փակումը ընկած ժամանակահատվածը կօգտագործվի փոխզիջումային լուծում գտնելու համար, որպեսզի երկիրը հնարավորություն ունենա օգտվել գրասենյակի աջակցությունից»,-ասել է Վիգենինը։

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը իր Բաքվի 2014թ.-ի հռչակագիրում, կրկնելով իր նմանատիպ նախորդ հայտարարությունները, կոչ է արել ԵԱՀԿ-ին «գործունեության լիարժեք, արդյունավետ և մշտական մանդատներ տրամադրել տարբեր վայրերում գտնվող ԵԱՀԿ ներկայացուցչական գրասենյակներին»։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել