ՀՀ Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ գնահատականը Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն այսօր սկսեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայում, ՀՀ Սահմանադրությունում և միջազգային այլ իրավական ակտերում ամրագրված արժանապատվության սկզբունքի մասին խոսելով։
«Մեր սահմանադրությունը մարդկանց իրավունքների և ազատությունների հիմքում դնում է անքակտելի, անփոփոխելի արժանապատվությունը»,- ասում է պարոն Զոհրաբյանը և այս սկզբունքը համեմատում կյանքի իրավունքի հետ․ «Կյանքի իրավունքը չի համարվում բացարձակ իրավունք, մեզ թվում է, որ այն ամենակարևորն է, բայց եկեք տեսնեք, որ միջազգային իրավունքն այդպես չի համարում, որովհետև դեպքեր կան, երբ այն կարող է խախտվել, օրինակ պատերազմի, ոստիկանական հարկադրական միջոց կիրառելու, քրեական գործերով անհրաժեշտ պաշտպանության միջոցներ կիրառելու ժամանակ։ Անգամ այս դեպքում արժանապատվությունն անփոփոխելի է, օրինակ՝ չի կարելի ռազմագերուն նվաստացնել»։
Ինչո՞ւ է վերոնշյալ իրավական ակտերում նման կարևորություն տրվում հենց այդ սկզբունքին՝ արժանապատվությանը, հարցնում է պարոն Զոհրաբյանն ու պատասխանում․ «Բոլորը հասկացել են, որ արժանապատվությունը այդ ամենի հիմքն է ու այն ստորացնելով չենք կարող մարդուց որևէ բան ակնկալել»։
Պատահական չէ, որ փաստաբանների միջև արձանագրված միջադեպի համատեքստում պարոն Զոհրաբյանը խոսում է հենց արժանապատվությունից․ մինչ այդ լրագրողների հետ հանդիպեց հենց Սիմոն Բաբայանն ու հայտնեց, որ վեճը ծագել է իր և իր ընտանիքի հասցեին վիրավորանքներ հնչեցնելու պատճառով։
Արա Զոհրաբյանը այսօր ասաց, որ իրենք դատապարտում են կատարվածը, գտնում են, որ այն վնասում է ՓՊ-ի հեղինակությունը, Սիմոն Բաբայանին հեռացնելու մտադրություն, ինչպես նաև լիազորություններ այս պահին չկան, կարգապահական վարույթներ են հարուցվել միջադեպին մասնակից բոլոր փաստաբանների նկատմամբ, իսկ նախաքննությունը դեռ առջևում է։
Բայց, պարոն Զոհրաբյանը հարցի լուծումը միայն կարգապահական վարույթներով և հետաքննությամբ չի տեսնում, նա կարծում է, որ համացանցում, հատկապես սոցիալական ցանցերում խոսքի ազատությունը վերածվել է ամենաթողության․ «Մի քանի տարի առաջ, մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, որ կարգապահական վարույթ էի հարուցել մի քանի փաստաբանների նկատմամբ ֆեյսբուքյան գրառումների համար, այն ժամանակ քննադատության արժանացա, որ խոսքի ազատության դեմ ուղղված գործողություններ եմ իրականացնում, եկեք խորը նայենք, երբ որ մարդի իրավունքը խախտվում է, այդ թվում՝ արժանապատվությունը, մարդը փորձում է լուծումներ գտնել, եթե կար օրինական ճանապարհ, երբ նա դիմում է այդ ճանապարհով և լուծվում է, մարդը սկսում է բավարարված, սակայն երբ չի լուծվում, մարդն ընտրում է այլ ճանապարհներ, որը կարող է նաև իրավական ճանապարհներից։ Հիմա, եթե այդ հարթակը չստեղծենք, ավելի վատ է լինելու։ Այսինքն՝ այսուհետ, եթե պալատն ավելի ակտիվ չմիջամտի նման վիրավորական գրառումների, հայհոյանքների հարցում, հետևանքները կարող են այսպես լինել, ինչ-որ եղավ»,- շեշտեց պարոն Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Գևորգ Թոսունյան