Փաստաբանները հայտարարությամբ են հանդես եկել, պալատը պատասխանել է

«ՀՀ փաստաբանների պալատում արդեն տևական ժամանակ է, ինչ տիրում է անառողջ մթնոլորտ, որը վերափոխելու բոլոր ջանքերը, որ իրականացվում են պալատի ներքին հարթակներում ոչ միայն անօգուտ եղան, այլ, ցավոք, ավելի խորացրեցին բացասական երևույթները: Իրավիճակի հիմքը մեկն է` պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ոչ միայն չի հանդուրժում որևէ քննադատություն, այլ իր կարծիքից ու դիրքորոշումից տարբերվող ցանկացած կարծիք ու դիրքորոշում դիտարկում է անձնական թշնամանքի դաշտում»,- նման հայտարարություն են արել փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:

Նրանք հիմնավորում են. «Պալատի նախագահ ընտրվելուց անմիջապես հետո Ա.Զոհրաբյանն ի թիվս այլ հարցերի ձեռնամուխ եղավ պալատի աշխատակազմի քանակի շեշտակի ավելացմանը` տարատեսակ պաշտոններ ու հաստիքներ ձևավորելով: Համարելով, որ ներկայացված նոր հաստիքացուցակն արհեստականորեն ուռճացված է, որպես խորհրդի անդամներ դեմ ենք քվեարկել դրա հաստատմանը: Ապա պալատի նախագահի կողմից Փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ նախաձեռնելուց հետո մշտապես արտահայտվել ենք այն թեզի օգտին, որ պալատի խորհրդի անդամներին պետք է օրենքով արգելել միաժամանակ այլ պաշտոններ զբաղեցնել պալատի աշխատակազմում, փաստաբանական դպրոցում ու Հանրային պաշտպանի գրասենյակում: Նման առաջարկը հասունացել էր գործնականում, քանի որ ներկա պահին խորհրդի 12 անդամներից (չհաշված նախագահին) հինգը տարբեր պաշտոններ են զբաղեցնում պալատի այն ստորաբաժանումներում, ում վերահսկելուն է նաև կոչված խորհուրդը: Արդյունքում պալատում բոլորովին խեղվել են հակակշռման, զսպման մեխանիզմները, իսկ պալատի խորհուրդը վեր է ածվել հիմնականում ձևական, դակող մարմնի: Նշված, ինչպես նաև բազմաթիվ այլ հանգամանքներ (որոնց մասին ներկա պահին չենք արտահայտվում), պալատի նախագահի կողմից ընդունվեցին թշնամաբար: Բանը հասավ նրան, որ Արա Զոհրաբյանն ուղիղ հայտարարեց, որ մեր կարծիքն ու դիրքորոշումը համարում է իր անձի դեմ ուղղված, և տեսնելով, որ անդրդվելի ենք` խոստացավ, որ իր ողջ վարչական ռեսուրսը կենտրոնացնելու է մեր դեմ պայքարում: Խոսակցությունից կարճ ժամանակ անց «ծրագրերի փոփոխման» պատճառաբանությամբ Երվանդ Վարոսյանին դադարեցին հրավիրել փաստաբանական դպրոց, ուր դասավանդում էր հիմնադրման օրվանից (Լուսինե Սահակյանի հետ համագործակցությունը դադարեցվել էր ավելի շուտ)»:

Փաստաբանների հայտարարությունն ամբողջությամբ կարող եք կարդալ՝ այստեղ:

ՓՊ-ն նույնպես հայտարարությամբ է հանդես եկել՝ պատասխանելով փաստաբաններին, հայտարարության մեջ կարդում ենք. «Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը հայտարարել են, որ իրենք նախկինում դեմ են եղել պալատի հաստիքացուցակի փոփոխություններին, քանի որ իրենց կարծիքով շեշտակի ավելացվել է աշխատակազմը։ Մինչև 2013 թվականի հոկտեմբերի 4-ը՝ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի պաշտոնը ստանձնելու պահը, Պալատի հաստիքացուցակը (չհաշված ՀՊԳ-ն) կազմված է եղել 17 աշխատողից, Պալատը տեղակայված է եղել ք.Երևան, Զաքյան 3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի առաջին հարկում մոտ 356քմ փաստաբանների քանակը կազմել է՝ 1370։ Միջին աշխատավարձը կազմել է 139.432 ՀՀ դրամ։

2013 թվականի հոկտեմբերի 4-ից հետո առ այսօր՝ Պալատի հաստիքացուցակը (չհաշված ՀՊԳ-ն) կազմված է 23 աշխատողից, Պալատը տեղակայված է ք.Երևան, Զաքյան 2 հասցեում գտնվող շենքի չորրորդ հարկում, մոտ 757քմ (չհաշված մյուս հարկերը, ընդհանուր օգտագործման մյուս տարածքները), փաստաբանների քանակը կազմում է՝ 1583։ Միջին աշխատավարձը կազմում է 131.926 ՀՀ դրամ։

Ի դեպ, պալատը 2014 թվականից սկսած վերապատրաստման դասընթացները հիմնականում ինքն է կազմակերպում (նախկինում միայն դպրոցն էր և պալատը վերապատրաստման համակարգողի հաստիքի անհրաժեշտություն չուներ)։ Նոր շենքի մաքրման, անվտանգության ապահովման, մինչև երեկոյան ժամերին ( 21.30-ը) հերթափոխ ընդունարանի պատասխանատուների հաստիքների անհրաժեշտությունը իհարկե նախկինում չկային։

Այս պայմաններում, կարծում եմ, որ 6 հաստիքի ավելացումը շեշտակի նշելը փոքր ինչ չափազանցում է։

Հատկանշական է, որ հաստիքացուցակի փոփոխություն նախաձեռնած Արա Զոհրաբյանի առաջարկով ՓՊ նախագահի համար նախատեսված 750.000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձը, դեռևս 2013թ. հոկտեմբերից իջեցվել է 300.000 ՀՀ դրամով։

Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը, որպես խորհրդի անդամներ ազատ են եղել իրենց դիրքորոշումը ներկայացնելու, որը և իրականացրել են և իրականացնում են բացառապես իրենց հայեցողությամբ»։

Ինչ վերաբերում է Երվանդ Վարոսյանի առնչությամբ հարուցված կարգապահական վարույթին, ապա պալատը նշում է. «Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը ակնարկում են, որ Երվանդ Վարոսյանի առնչությամբ հարուցված կարգապահական վարույթները կապված են վերջիններիս խորհրդի ներսում ակտիվ գործունեության հետ։

Երվանդ Վարոսյանի և Տիգրան Խուրշուդյանի նկատմամբ 02.06.2015թ. հարուցվել է կարգապահական վարույթ, ինչպես արդեն մամուլում շրջանառվել է, խորհրդի նիստում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։

Որպես ՓՊ նախագահ, ի՞նչ պետք է աներ Արա Զոհրաբյանը։ Արդյո՞ք չպետք է այդ հարցը բարձրացներ նույն խորհրդի առջև։ Խորհուրդը ինքն է արդեն որոշում կարգապահական գործի (գործերի) ճակատագիրը, այդ թվում՝ վարույթը կարճելու, գործը չքննելու, պատասխանատվության ենթարկելու հարցերը։ ՓՊ նախագահը այստեղ միջամտելու իրավունք չունի։ Հակառակը, նա չի մասնակցել և իրավունք էլ չունի մասնակցել կարգապահական գործերին։

Այդ հարցը խորհրդում չբարձրացնելու (վարույթ չհարուցելու) դեպքում, երբ կար առիթը և հիմքը, արդյո՞ք ՓՊ նախագահը չէր խրախուսի փաստաբանների, առավել ևս՝ խորհրդի անդամների նման պահվածքը։
Անձամբ իմ կարծիքով, ՓՊ խորհրդի անդամը պետք է իրեն ավելի պատասխանատու պահի, քանի որ իր մասնակցությամբ ընդունվող որոշմամբ այլ փաստաբանի է պատժում։ Ինչպես կարող է նա փոքր «զանցանք» կատարած փաստաբանին պատասխանատվության ենթարկել, երբ ինքը որևէ «զանցանք» է թույլ տալիս։

Եվ ի վերջո, Երվանդ Վարոսյանին և Տիգրան Խուրշուդյանին պատասխանատվության ենթարկելու մասին պալատի խորհրդի որոշումը դեռ ուժի մեջ մտած չէ և դատական կարգով կարող է բողոքարկվել։

Ի դեպ, տեղեկացնեմ նաև, որ փաստաբանների պալատի խորհրդի այլ որոշումներ էլ են բողոքարկված, և դատարաններում այդպիսի գործեր կան։ Անձամբ ես եմ ներկայացնում պալատի շահերը դատարաններում։

Երվանդ Վարոսյանի նկատմամբ մյուս կարգապահական վարույթը հարուցվել է փաստաբան, հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի դիմումի հիման վրա՝ 12.08.2015 թվականին։ Լիանա Գրիգորյանը պալատին հայտնել էր, որ Երվանդ Վարոսյանն իր facebook-յան էջում կատարել էր հետևյալ գրառումը. «Կարելի է միայն հպարտանալ նրանով, որ քո դեմ որոշ չորքոտանիներ ճղճիմ հոդվածներ են պատվիրում (հատկապես պնդուկ ուղեղով չորքոտանիները): Դա նշանակում է, որ դու ճիշտ ուղու վրա ես»: Այնուհետև իր գրառման տակ մեկնաբանություն էր գրել. – «Մեկ էլ կայֆ ա, որ քեզնից հղիներով հավաքվում ու նյութի տակ լայքադրսևորվում են )))»:

Խնդիրը պետք է լուծի պալատի խորհուրդը՝ ընդհանուր ժողովի կողմից 4 տարի ժամկետով ընտրված 12 անդամներով, առանց ՓՊ նախագահի մասնակցության։

Ինչպես արդեն վերը նշել եմ, հանրային պաշտպան Լիանա Գրիգորյանի նկատմամբ էլ է հարուցվել կարգապահական վարույթ»։

Պալատի հայտարարությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել