Փաստաբան Արթուր Սուքիասյանը՝ ապօրինի հարստացման քրեականացման մասին

Փաստաբան Արթուր Սուքիասյանը կողմ է ապօրինի հարստացման քրեականացմանը: Նա կարծում է, որ այս նախաձեռնությունը կոռուպցիայի դեմ պայքարի համար անփոխարինելի գործիք է. «Առավել ևս, որ հաշվի ենք առնում այլ երկրների փորձը, գտնում եմ, որ սա հաջողության հասնելու գործիքներից մեկն է»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ այս ինստիտուտին վերաբերող նախագիծը կառավարությունը հաստատել է նոյեմբերի 18-ի նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, նոր հոդվածով՝ 310.1 նախատեսվում է հետևյալը.

1. Ապօրինի հարստանալը՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը և (կամ) պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածում էական է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Փաստաբանը մտավախություն ունի, որ հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները կարող են այնպիսի ձևակերպումներ տալ, որ հանցակազմը առկա չլինի:

Խոսելով նախատեսված պատժից՝ փաստաբանն ասաց. «Կարծում եմ, որ միջին պատժաչափ է վերցրված, այսինքն՝ ոչ շատ ցածր, ոչ էլ բարձր պատիժ է ընտրված: Թեկուզ սկզբնական շրջանի համար կարելի է համարել, որ այս ձևով կիրառվի, հետագայում միգուցե խստացվի: Իրականում այն խիստ չէ»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել