Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքները վերափոխվում են՝ նոր իրողություններին համահունչ: Այսօր ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի օրակարգում քննարկվեց նաև այս խորհրդի գործառույթներին առնչվող հարցեր: Նախարար Արփինե Հովհաննիսյանը ՔՀԿ սեկտորի ներկայացուցիչներին առաջարկեց ներկայացնել սեփական առաջարկները:
Այսքանով այս հարցը համարվեց փակված, նախարարությունը սպասում է ՀԿ-ների առաջարկներին:
Հաջորդ քննարկման առարկան Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքն է, որն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից:
Նախարարը տեղեկացրեց, որ այս նախագիծն առաջիկայում երկրորդ ընթերցմամբ մտնելու է համապատասխան հանձնաժողովի նիստի օրակարգ:
ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը նշեց. «Օրենքը բավականին չարքչրկված է, այն տարիներով անցել է տարբեր մարմիններով, քննարկվել պետական մարմինների, ՀԿ-ների կողմից: Ավելին՝ անգամ վերջում ՀԿ-ները մտավախություն ունեին, թե մյուս ընթերցումների ընթացքում կփոխվեն դրույթները, սակայն պայքարելու կարիք չեղավ, մեզանից որևէ մեկը ընդդիմության դիրքերից հանդես չեկավ օրենքի նախագծի հարցում»,- ասաց պատգամավորը, իսկ նախարարը արձանագրեց. «Փաստորեն ՀԿ-ները պաշտպանում են մեր տեսակետը»,- և հավելեց. «Կարևորը վստահության մթնոլորտի ձևավորումն է, եթե այդ մթնոլորտն առկա է, ապա մյուս խնդիրները կլուծվեն»:
Հարց գնաց դատական պաշտպանության մեխանիզմների ներդրման մասին, օրենքի նախնական տարբերակում նախատեսվում էր, որ ՀԿ-ները հնարավորություն կունենան դատարանում հանդես գալ որպես հայցվոր, խորհրդի անդամներին տեղեկացրին, որ այս փոփոխությունը փուլ առ փուլ իրականացվում է Դատական օրենսգրքով:
Նախարարն այս մասով նշեց. «Փուլ առ փուլ ենք գնում: Մենք ունենք լավ քաղաքացիական հասարակություն, բայցև այնպես չէ, որ չունենք թերություններ, այս դաշտը կարիք ունի քայլ առ քայլ զարգանալու: Դատական պրակտիկայի զարգացման խնդիր ունենք նաև»:
ՀԿ-ների մասին նոր օրենքը նախատեսվում է նաև պարտադիր աուդիտ, որը կկիրառվի այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք ծրագրեր են իրականացնում հանրային հաշիվներից: ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը կողմ արտահայտվեց նման մոտեցման. «Ցանկացած լումա պետք է հաշվարկվի, պետք է շեմ չգրենք, միայն մի պայմանով, եթե հանրային միջոց է, ապա անցնում է աուդիտ` անկախ շեմից»:
Խորհրդի նիստին զուգահեռ Արդարադատության նախարարության դիմաց բողոքի ակցիա էր ընթանում, որը կազմակերպել էին Ընդդեմ Կանանց Նկատմամբ Բռնության կոալիցիայի անդամները, ընդ որում՝ այս կոալիցիան ներկայացնողներից երկուսը մասնակցում էին նիստին:
Արդարադատության նախարարն իմանալով, որ նախարարության շենքի դիմաց ակցիա է ընթանում, առաջարկեց մասնակիցներին բարձրանել և միասին քննարկել խնդիրները: Ակցիայի մասնակիցները եկան և հայտնեցին, որ մինչև ամսվա վերջ կուղարկեն իրենց առաջարկները քննարկվող հաջորդ թեմայի՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
Գ.Թ.
Իրավաբան.net