Կառավարության այսօրվա նիստը սովորականի պես չսկսվեց: Գործադիրի անդամները ներսում էին, իսկ վարչապետը դրսում՝ սպասում էր նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահը ժամանեց ու վարչապետի հետ մտան ներս:
Կառավարության գործելաոճի համաձայն՝ նիստի մեկնարկից առաջ՝ գործադիրի նիստերի դահլիճ են բարձրանում օպերատորներն ու լուսանկարահանում, տեսագրում կառավարության նիստի մեկնարկը:
Այսօր կառավարության նիստը սկսեց նախագահ Սերժ Սարգսյանը, ի թիվս այլ հանձնարարականների ու շեշտադրումների, նա խոսեց նաև թափանցիկ գործելաոճ որդեգրելու մասին, որպեսզի գործադիրի գործունեությանն իրազեկ լինի ժողովուրդը: Մինչդեռ հենց առաջին նիստը հետընթաց էր՝ թափանցիկության տեսանկյունից:
Նախ այսօրվա նիստին օպերատորներին թույլ չտվեցին բարձրանալ դահլիճ՝ պատճառ չնշելով, թեև ենթադրելի էր՝ նախագահն է եկել:
Բացի այդ, լրագրողների համար նախատեսված աշխատասենյակում անհասկանալի հանգամանքների արդյունքում խափանվեց նիստերի դահլիճից հեռարփակվող ուղիղ տեսագրությունը, սա այն դեպքում, երբ որոշ ԶԼՄ-ներ ուղիղ եթեր էին ապահովել գործադիրի նիստի համար: Այնպես որ՝ ինչպես այս լրատվամիջոցները, այնպես էլ նրանց հետևող քաղաքացիներն ու կառավարությունում գտնվող լրագրողները ստիպված եղան ձայնային հեռարձակմամբ հետևել կառավարության գործունեությանը:
Նման գործելաոճը բնականաբար չի բխում թափանցիկությունից:
Իրավաբան.net