Արտահերթ նիստ՝ հակակոռուպցիոն օրենսդրական փաթեթը ԱԺ-ում ներկայացնելու համար

Այսօր կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի մասին ելույթի վերջին հատվածում հատուկ ընդգծեց կոռուպցիայի դեմ պայքարը:  Նա նշեց, որ արդեն իսկ շրջանառության մեջ են դրվել հակակոռուպցիոն պայքարին ուղղված օրենսդրական փաթեթը, և նախատեսվում էր, որ հոկտեմբերին հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ՝ այն կյանքի կոչելու համար:

Օրենսդրական այս փաթեթը մշակվել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի նախաձեռնությամբ և մասնակցությամբ:

Վարչապետն իր խոսքում մասնավորապես նշել է. «Կառավարությունը, քաղաքացիական հասարակության հետ սերտ համագործակցելով, նախապատրաստել է կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Մասնավորապես, արդեն շրջանառվում են բարձրաստիճան պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացման, թերի հայտարարագրման պատժելիության, պետական գնումներին մասնակցող ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման, կանխիկ գործառնությունների սահմանափակման նախագծերը: Մշակման փուլում է գտնվում կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվություն հայտնող անձանց պաշտպանության և խրախուսման նախագիծը: Խորությամբ վերլուծվել է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ նոր համակարգի` հակակոռուպցիոն առանձին մարմնի ստեղծման գաղափարը:

Այս ամենն ամբողջացնող օրենսդրական փաթեթը կյանքի կոչելու համար մենք նախատեսում էինք հոկտեմբերին հրավիրել Ազգային Ժողովի արտահերթ նիստ: Այդ փաթեթն, իմ կարծիքով, կլինի այն լավագույն գործիքներից մեկը, որով նոր կառավարությունը կարող է սկսել համախմբել մեր բևեռացված հասարակությունը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել