Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործով կայացվել է դատական ակտ, որի դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք, Վերաքննիչ դատարանը մասնակի բեկանել է դատական ակտը, բայց բռնագանձման ենթակա փաստաբանական ծախսի մասով չի բեկանել և իր որոշման մեջ նշել է, որ մնացած մասով վճիռը մնում է օրինական ուժի մեջ: Այսպիսով փաստաբանի վճարման ենթակա գումարների բռնագանձման մասով դատական ակտը օրինական ուժի մեջ է մտել:
Դրա հիման վրա կատարողական թերթ ստանալու համար դիմում է ներկայացվել դատարան, դատարանը որոշում է կայացրել կատարողական թերթ տրամադրելը մերժելու մասին:
Փաստաբան Արթուր Սուքիասյանը, ով արդեն դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկում է օրենքի՝ սահմանադրությանը համապատսխանության հարցը, այն հիմնավորմամբ, որ օրենքը չի սահմանում կատարողական թերթ տրամադրելու դիմումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորություն: Փաստաբանը ասաց. «Որևէ հիմք չկա, դա չտրամադրելու համար, որովհետև ունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ ու արդեն մնում է կատարվի, բայց կատարողական թերթը չի տրամադրվում և քաղաքացին զրկված է կատարողական թերթ տրամադրելը մերժելու մասին որոշումը բողոքարկելու հնարավորությունից: Ստացվում է, որ եթե դատարանը կամայականորեն մերժում է կատարողական թերթ տալը, քաղաքացին արդեն այլ ելք չունի ու ստիպված է մնալ առանց այդ դատական ակտի կատարման»,- նշում է Արթուր Սուքիասյանը և շեշտում՝ սա ավելի գլոբալ խնդիրներ է առաջացնելու. «Սա կարող է դառնալ վտանգավոր նախադեպ: Ենթադրենք մարդը տարիներով որևէ բանի համար պայքարի, վերջնական լուծումը ստանա դատարանի միջոցով և ինչ-ինչ պատճառներով դատարանը պարզապես մերժի նրա կատարողական թերթ տալն ու դրանով արդարադատությունը կիմաստազրկվի»,- ասաց մեր զրուցակիցը:
Փաստաբանն ասում է, որ սրանով խախտվում է մարդկանց դատական պաշտպանության իրավունքը, նա դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան:
Իրավաբան.net