«Զինվորական ծառայության անցնելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ հիվանդության պատճառով զինծառայողին արձակուրդ տրվում է ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Հիվանդության պատճառով զինծառայողին տրվում է արձակուրդ 30-ից 60 օր տևողությամբ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Պարտադիր զինծառայողի հիվանդության արձակուրդը կարող է երկարաձգվել մինչև 60, պայմանագրային զինծառայողինը՝ մինչև 30 օր, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հարկ է իմանալ, որ բուժման և հիվանդության պատճառով տրված արձակուրդում անընդմեջ գտնվելու ժամանակն ընդհանուր առմամբ չպետք է անցնի չորս ամսից, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդրությամբ առանձին հիվանդությունների բուժման համար սահմանվում են ավելի երկարատև ժամկետներ:
Նշված ժամկետը կարող է երկարաձգվել պետական լիազոր մարմնի ղեկավարի և նրա տեղակալների որոշմամբ՝ բժշկական հիմնարկի եզրակացության հիման վրա:
Բուժման կամ հիվանդության պատճառով տրված արձակուրդի անընդմեջ ժամկետն ավարտվելուց հետո զինծառայողները ենթակա են ռազմաբժշկական հանձնաժողովի հետազոտման՝ զինվորական ծառայությանը պիտանիությունը որոշելու համար:
Տեղեկացնենք նաև, որ ժամկետային զինվորական ծառայությունից հիվանդության պատճառով արձակման ժամանակ արձակուրդ չի տրվում:
Հիվանդության պատճառով արձակուրդը հերթական արձակուրդում չի հաշվարկվում: Զինծառայողի առողջարանային բուժումը կազմակերպվում է հերթական արձակուրդի ընթացքում: