2014 թվականի դեկտեմբերի 17–ին ընդունված «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի անցումային և եզրափակիչ դրույթներում նախատեսված 18 ամիսներն անցել են այդ օրենքի ընդունման պահից, հետևաբար այն արդեն օրինական ուժի մեջ է նաև այն մասերով, որոնց ուժի մեջ մտելը հետաձգվել էր օրենսդրի կողմից և սահմանվել, որ մինչ 2016 թվականի հուլիսի 1–ը գործում են «Մաքսային օրենսգրքի» 7–10–րդ գլուխները, որոնք արդեն 2016 թվականի հուլիսի 2–ից դադարել են գործել։
Ներկայացնենք ստորև «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի եզրափակիչ և անցումային դրույթներում տեղ գտած կարգավորումները և կրկին հիշեցնենք, որ ստորև նշված 18 ամիսներն անցել են, հետևաբար անհրաժեշտ է ղեկավարվել արդեն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ ամբողջական օրենքի տարբերակով (Հղումը տե՛ս)։
Այսպիսով, օրենքի 259–րդ հոդվածում` որպես անցումային և եզրափակիչ դրույթներ սահմանված են.
«1. Սույն օրենքով սահմանված`
1) մաքսային ներկայացուցիչներին, մաքսային պահեստներում պահպանություն իրականացնող անձանց և անմաքս առևտրի խանութներ հիմնադրողներին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 18 ամիս հետո:
Մինչև մաքսային ներկայացուցիչներին վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելը մաքսային միջնորդի գործունեություն իրականացնող անձը պարտավոր է ունենալ սույն օրենքի 106-րդ հոդվածով սահմանված մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման որևէ տեսակ, առնվազն՝
ա. 150 մլն դրամի չափով` սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը իրականացվող գործունեության համար,
բ. 300 մլն դրամի չափով` 2016 թվականի հունվարի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 18-րդ ամիսը լրանալը.
2) մաքսային փոխադրողներին և լիազորված տնտեսական օպերատորներին վերաբերող դրույթները ուժի մեջ են մտնում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո:
2. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 7-9-րդ գլուխները, 10-րդ գլուխը` սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կարգավորումներից տարբերվող կարգավորումների մասով, շարունակում են գործել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 18 ամիս:
3. Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 6-ի մաքսային օրենսգրքի 11.1-ին և 11-րդ գլուխները շարունակում են գործել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս:
(…)»: