Ընտանեկան նպաստ ստանալու իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` մինչև 18 տարեկան անդամ ունեցող այն ընտանիքը, որի անապահովության միավորը բարձր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված ընտանեկան նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային միավորից:
Ընտանեկան նպաստ ստանալու իրավունքը ծագում է դիմողի դիմելու օրվա դրությամբ, և ընտանեկան նպաստը վճարվում է դիմելու օրվա ամսվան հաջորդող ամսից:
Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:
Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: