«Այսօր ինձ պետք են տղաներ, որոնք եկել են հաղթելու և ապրելու». սպանության նախորդ օրը գրել էր կուրսանտը

Մահացած կուրսանտ Հայկազ Բարսեղյանի հայրը՝ Արկադի Բարսեղյանը, շարունակում է պնդել, որ իր որդին ինքնասպանության չի դիմել:

Այսօր նա դատարան էր եկել իր որդու վերջին գրավոր աշխատանքով՝ մարտական կոչով. «Բոլոր ուսանողներին հանձնարարված է եղել, որ վճռական մարտ է սպասվում, դուք ուսանողներ եք ու ինչպե՞ս եք կարող զորքը տանել ձեր հետևից: Որդիս մարտական կոչ է կազմել, ինչպես մյուսները: Այդ տողերը գրողը մեկ օր հետո ինքնասպան չէր լինի»,- նշեց պարոն Բարսեղյանը:

«Այսօր ինձ պետք չեն տղաներ, որոնք եկել են զոհվելու հանուն հայրենիքի, այլ պետք են տղաներ, որոնք եկել են հաղթելու և ապրելու, որպեսզի ծաղկեցնեն հայրենիքը: Մենք չպետք է մտածենք հակառակորդի քանակի և զենքի մասին, քանի որ մեր բանակը ունի աշխարհի ամենահզոր զենքը, որի մասին թշնամին գաղափար անգամ չունի, որն առկա է յուրաքանչյուրիս սրտում և մտքում»,- նման մարտական կոչ էր կազմել Հայկազը:

«Բոլորը նախարարությունում զարմացած են եղել, որ ինքը 19 տարեկան հասակում նման բան է գրել: Հենց վերջին տողերը մեր այս օրերի մասին է, որ թշամին այսքան զենք ունի, իսկ մենք չունենք, բայց մենք միտք ունենք: Ես հենց սկզբից չեմ հավատացել, որ իմ որդին ինքնասպանության է դիմել, ինքը թույլ չէր, Հայկազը ուժեղ տղա էր»,- նշեց հայրը:

Այսօրվա դատական նիստը տևեց մի քանի րոպե, դատարանը պետք է անցներ ապացույցների հետազոտմանը, սակայն պաշտպանական կողմը միջնորդեց դատաքննությանը ընդգրկել նաև փորձագետների, որոնք կաշխատեն ապացույցների հետ, որպեսզի հետագայում դրանց հավաստիությունը կասկածի տակ չդրվի:

Դատարանը հետաձգեց նիստը:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել