Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունի 4 տեղակալ: Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալն է, Վահե Նիկոյանը, Արամ Սուքիասյանն ու Դավիթ Օհանյանը՝ տեղակալներ: Մենք ուսումնասիրել ենք նրանց դրամական միջոցներն ու գույքը՝ ըստ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերի:
Կամո Արեյանը 2011թ. ունեցել է 1,3 մլն դրամ, հետագայում նրա դրամական միջոցները նվազել են, 2015թ. վերջում կազմել են ընդամենը 350 հազար դրամ, ըստ ներկայացրած հայտարարագրի: Նա նաև ունի մեկ բնակարան:
Առավել հարուստ է պաշտոնյայի կինը՝ Արմենուհի Հարությունյանը, ով 2011թ. 12 մլն դրամով գնել է HYUNDAI TUCSON IS 35 2.0 AT մակնիշի ավտոմեքենա:
Տիկնոջ դրամական միջոցները 2011թ. կազմել են 500 հազար դրամ ու 206 հազար դոլար, նա հայտարարագրել է նաև 2,7 մլն դրամի շահաբաժին:
Հաջորդ տարիներին տիկին Հարությունյանը նույնպես եկամուտներ է ունեցել շահաբաժիններից:
2015թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ ու 92 հազար դոլար:
Մարդատար ավտոմոբիլային երկու տրանսպորտային միջոց՝ MERCEDES-BENZ E 320 2.2 և VOLKSWAGEN TOUAREG 3.2 է հայտարարագրել քաղաքապետի տեղակալներից Վահե Նիկոյանը՝ պաշտոնը ստանձնելով: Նա նաև ունեցել է 7,5 մլն դրամ ու 8000 դոլար:
2014թ. պարոն Նիկոյանը վաճառել է VOLKSWAGEN TOUAREG-ը՝ 17 մլն դրամով և գնել MERCEDES-BENZ S 350՝ 11 մլն դրամով, 2015թ. օտարել է նաև MERCEDES-BENZ E 320-ը՝ 7,1 մլն դրամով:
2015թ. տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 9,5 մլն դրամ, 11 հազար եվրո և 15 հազար դոլար:
Պարոն Նիկոյանի կինը՝ Արմինե Գրիգորյանը 2015թ. վերջում հայտարարագրել է 3,4 մլն դրամ, 15 հազար դոլար ու 10 հազար եվրո: Նա ամեն տարի եկամուտներ է ստացել Վարձակալության դիմաց ստացված վճարներից կամ այլ հատուցումներից:
Քաղաքապետի մյուս տեղակալը Արամ Սուքիասյանը պաշտոնը ստանձնելիս ունեցել է 12 մլն դրամ ու 8000 դոլար:
2014թ.-ին 24 մլն դրամով բնակարան է ձեռք բերել, Մրցույթների կամ վիճակախաղերի (հստակ նշված չէ) արդյունքում շահել է 5 հազար դոլար: 2015թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 25 հազար դոլար:
Պարոն Սուքիասյանը նաև եկամուտներ ունի գիտության, գրականության կամ արվեստի բնագավառում իր աշխատանքներից:
Քաղաքապետի տեղակալի կինը 2015թ. վերջում հայտարարագրել է 25 հազար դոլար:
Տարոն Մարգարյանի վերջին տեղակալը՝ Դավիթ Օհանյանը, պաշտոնը ստանձնել է 2013թ.-ին: Պաշտոնը ստանձնելիս ունեցել է մեկ բնակարան, TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 L մակնիշի ավտոմեքենա, 31,5 մլն դրամ, 25 հազար դոլար ու 14,4 հազար եվրո, 2015թ. վերջում նրա դրամական միջոցները կազմել են 29,2 մլն դրամ, 20 հազար դոլար ու 13 հազար եվրո:
Դավիթ Օհանյանի որդին նվիրատվություն է ստացել TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I մակնիշի ավտոմեքենա՝ 9,5 մլն դրամ արժողությամբ, սա ըստ էության հոր կողմից արված նվիրատվություն է, հաջորդ տարի պաշտոնյայի որդին 9,6 մլն դրամի նվիրատվություն է ստացել՝ բնամթերքով, նա նաև ունի շահաբաժին:
Գևորգ Թոսունյան