Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը, նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի՝ արդարացրել է ՀՀ քր.օր. 182-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրվող Հրաչյա Վարդանյանին։ Այս մասին Իրավաբան.net-ին հաղորդեց ամբաստանյալի պաշտպան Հունան Բաբայանը:
Նա փոխանցեց, որ մեղադրող դատախազը միջնորդել էր Հրաչյա Վարդանյանին 4 տարվա ազատազրկման դատապարտել: Դատարանը նրան արդարացրել է ու անպարտ ճանաչել՝ մեղսագրվող արարքը ապացուցված չլինելու հիմքով:
Հրաչյա Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա Է.Խ.-ից գումար հափշտակելու դիտավորությամբ Երևան քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի ունեցած խոսակցության ընթացքում, իրեն որպես քրեական հեղինակություն ներկայացնելով և այդ կերպ տուժողի կամքի վրա ճնշում գործադրելու նպատակով, ինչպես նաև Է.Խ.-ի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, նրանից պահանջել է իր կողմից որոշված ժամանակահատվածում, ինչպես իրեն, այնպես էլ` իր կողմից մատնանշված անձանց տալ ընդհանուր 1.700 ԱՄՆ դոլար:
Իրավաբան.net