Նախկինում չդատված Ռաֆիկ Սարգսյանը ամաբաստանյալի աթոռին է հայտնվել առանձնապես խոշոր չափերի հափշտակության փորձի և մի խումբ անձանց հետ փաստաթղթերի կեղծման մեղադրանքով: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ռաֆիկ Սարգսյանը խաբեությամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության է եկել իր ծանոթներ Ազատ Ղազարյանի և Հովհաննես Հակոբյանի հետ: Անհայտ անձից Հովհաննեսի անվամբ ձեռք է բերել ակնհայտ կեղծ լիազորագիր այն մասին, որ Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48/2 շենքի թիվ 37 բնակարանի սեփականատերը լիազորել է Հովհաննեսին նշված բնակարանը նվիրել իրեն:
Այնուհետև, 2013 թվականի սեպտեմբերի 23-ին նշված լիազորագիրը ներկայացրել է «Շենգավիթ» նոտարական գրասենյակ, փորձել է 18.262.000 ՀՀ դրամ արժողությամբ հիշյալ բնակարանը նվիրատվության պայմանագրի հիման վրա հափշտակել, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ նոտար Վահագն Գրիգորյանը հասկանալով, որ ներկայացված լիազորագիրը կեղծ է, այդ մասին հայտնել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, և բնակարանի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը չի կատարվել:
Գործը քննվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: Մեղադրող դատախազը միջոնդրել է պատիժ նշանակել 5 տարվա ազատազրկում:
Այսօր հրապարկվեց դատավճիռը և Ռաֆիկ Սարգսյանը մասնակիորեն արդարացվեց: Դատարանը նրան արդարացրեց իրեն մեղսագրված Քրեական օրենսգրքի 334-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով արարք կատարելու համար (մեղադրանքն ապացուցված լինելու դեպքում նրան սպառնում էր նվազագույնը 3 տարվա ազատազրկում): Դատարանը նրան մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով արարք կատարելու համար և դատապարտեց 2 տարվա ազատազրկման:
Դատավճռի հրապարակումից հետո դատավոր Ա. Ազարյանը ամբաստանյալին պարզաբանեց դատվճիռն ու նաև, որ այն կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում՝ վերաքննության կարգով: