Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների (փոքրահասակների) փոխարեն գործարքները, բացառությամբ ստորև նշվածների, նրանց անունից կարող են կնքել միայն նրանց ծնողները, որդեգրողները կամ խնամակալները:
Վեցից մինչև տասնչորս տարեկան փոքրահասակներն իրավունք ունեն ինքնուրույն կնքել`
1) մանր կենցաղային գործարքներ.
2) նոտարական վավերացում կամ գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցում չպահանջող` անհատույց օգուտներ ստանալուն ուղղված գործարքներ.
3) օրինական ներկայացուցչի կամ վերջինիս համաձայնությամբ երրորդ անձանց կողմից որոշակի նպատակով կամ ազատորեն տնօրինելու համար տրամադրված միջոցները տնօրինելու գործարքներ:
Փոքրահասակի գործարքներով` ներառյալ նրա կողմից ինքնուրույն կնքված գործարքները, գույքային պատասխանատվություն են կրում նրա ծնողները, որդեգրողները կամ խնամակալը, եթե չապացուցեն, որ պարտավորությունն իրենց մեղքով չի խախտվել: Այդ անձինք, օրենքին համապատասխան, պատասխանատվություն են կրում նաև փոքրահասակի պատճառած վնասի համար: