«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված է.
Ընտանիքին տրամադրվում է՝
ա) միանվագ դրամական օգնություն (այսուհետ՝ միանվագ օգնություն)՝
– ընտանիքում երեխայի ծննդյան դեպքում,
– ընտանիքում երեխայի առաջին դասարան ընդունվելու դեպքում,
– ընտանիքի անդամի մահվան դեպքում.
բ) հրատապ օգնություն անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում:
Երեխայի ծննդյան միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի անդամներից մեկն ունեցել է երեխա և ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Երեխայի ծննդյան միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:
Երեխայի ծննդյան միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի ծնվելու օրվանից սկսած՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Երեխայի ծննդյան միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքում ծնված յուրաքանչյուր երեխայի համար:
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության իրավունք ունի ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է, եթե ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմել է երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Երեխայի՝ առաջին դասարան ընդունվելու միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի՝ առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:
Հուղարկավորության միանվագ օգնության իրավունք ունի այն ընտանիքը, որի կենսաթոշակառու, աշխատող կամ գործազուրկ (առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող) չհամարվող անդամներից մեկը մահացել է և ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Հուղարկավորության միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը, ընտանիքում չափահաս անդամ չլինելու դեպքում՝ անչափահաս անդամի օրինական ներկայացուցիչը, դիմում է իր փաստացի բնակության վայրի տարածքային մարմին:
Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է մահվան օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, և ընտանիքը դիմելու ամսվա դրությամբ ունի ընտանեկան նպաստի իրավունք:
Հուղարկավորության միանվագ օգնությունը նշանակվում է ընտանիքի մահացած յուրաքանչյուր անդամի համար:
Հրատապ օգնության իրավունք ունի ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանեկան նպաստի իրավունք չունեցող ընտանիքը անհետաձգելի լուծում պահանջող կյանքի դժվարին իրավիճակում (երեխայի դպրոց հաճախելու հետ կապված ծախսերի մասնակի հատուցման նպատակով, արտակարգ իրավիճակների և կարճատև ֆինանսական խնդիրներ ունենալու) հայտնվելու դեպքում` սոցիալական աջակցության խորհրդի առաջարկությամբ:
Ծանոթացե՛ք նաև 2016 թվականի միանվագ օգնության դրույքաչափերին հետևյալ հղմամբ։