Ինչպե՞ս է հաստատվում աշխատանքային ստաժը Հայաստանում

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` մինչև 2013 թվականի հունվարի 1‑ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ ՀՀ կառավարության սահմանած այլ փաստաթուղթ, 1992 թվականի հունվարից մինչև 2013 թվականի հունվարի 1-ը` նաև սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը: Սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:

Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:

ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ հաստատված «Կենսաթոշակ նշանակելու համար աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնների» 10-րդ և 11-րդ կետերի համաձայն` աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ աշխատանքային գրքույկում կան ջնջումներ, սխալ և ոչ հստակ գրառումներ կամ գրառումներ չկան աշխատանքի առանձին ժամանակահատվածների մասին, աշխատանքային ստաժը հաստատելու համար ընդունվում են արխիվային տեղեկանքներ, աշխատանքի ընդունելու և աշխատանքից ազատելու մասին հրամաններ կամ հրամանների քաղվածքներ, ինչպես նաև համապատասխան իրավահարաբերությունների առաջացման օրվա դրությամբ գործող աշխատանքային օրենսդրության համաձայն կնքված աշխատանքային գրավոր պայմանագրեր և համաձայնագրեր:

Մինչև 1992 թվականի հունվարի 1-ն աշխատած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում կարող է հաշվառվել արհմիության կամ կուսակցության քարտերում, արհմիության կամ կուսակցության անդամատոմսերում կատարված գրառումներով, կամ արխիվային այլ փաստաթղթերով: Անդամատոմսերում կատարված գրառումների հիման վրա հաշվառվում է միայն այն ժամանակահատվածի աշխատանքային ստաժը, որի վերաբերյալ նշումներ կան աշխատավարձից կամ կրթաթոշակից անդամավճար մուծելու մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել