Ո՞ր դեպքում են վնասվածքները համարվում կյանքի համար վտանգավոր

ՀՀ Կառավարության 2014 թվականի թիվ 860–Ն որոշման համաձայն` կյանքի համար վտանգավոր՝ առողջությանը պատճառված վնաս է համարվում առողջությանը պատճառված այն վնասը, որն իր բնույթով ստեղծում է կյանքի համար անմիջականորեն սպառնացող վիճակ, ինչպես նաև առողջությանը պատճառված այն վնասը, որն առաջացնում է կյանքի համար սպառնալից վիճակի զարգացում: Առողջությանը պատճառված վնասը, որն իր բնույթով ստեղծում է կյանքի համար անմիջականորեն սպառնացող վիճակ, մարդու օրգանիզմի այն անատոմիական կառուցվածքների և ֆիզիոլոգիական ֆունկցիաների խանգարումն է, որոնք իրենց սովորական կլինիկական ընթացքի և բուժման բացակայության դեպքում գերակշիռ դեպքերում ավարտվում են մահացու ելքով, և վնասվածքի ու մահացու ելքի միջև առկա է ուղղակի պատճառահետևանքային կապ:

Կյանքի համար սպառնալից վիճակը մարդու օրգանիզմի այնպիսի կարևոր ֆունկցիաների խանգարումն է, որն օրգանիզմի կողմից ինքնուրույն չի կարող կոմպենսացվել և առանց բուժման՝ ավարտվում է մահվան ելքով: Կյանքի համար սպառնալից վիճակների զարգացումը պետք է անմիջականորեն կապված լինի կյանքին վտանգ սպառնացող վնասի հետ, և ունենա ուղղակի պատճառահետևանքային կապ: Ցուցաբերված բժշկական օգնության արդյունքում մահացու ելքի կանխումը չի փոփոխում առողջությանը պատճառված վնասի գնահատականը՝ որպես կյանքի համար վտանգավոր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել