Իրազեկում կացարան չունեցող անձանց համար

«Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն` սոցիալական աջակցությունը կյանքի դժվարին իրավիճակը կանխարգելելու կամ հաղթահարելու նպատակով անձին (ընտանիքին, սոցիալական այլ խմբին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված մեկ կամ մի քանի սոցիալական ծառայությունների տրամադրումն է Հայաստանի Հանրապետության և (կամ) համայնքի կողմից:

Կացարանով ապահովելը սոցիալական աջակցության միջոցառումներից մեկն է: Ըստ «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի՝ կացարանով ապահովելը՝ դա որոշակի խումբ անձանց (ընտանիքներին, տարեցներին) բնակելի տարածքի ժամանակավոր հատկացումն է:

Այսպես, կացարանը տրամադրվում է՝

1) ժամանակավոր կացարանում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակելի տարածություն չունեցող անձին (ընտանիքին)` պայմանագրային հիմունքներով մինչև 10 տարի ժամկետով` անհատույց, իսկ դրանից հետո վարձակալական հիմունքներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը (ընտանիքը) օտարել է բնակարան (բնակելի տուն)` կացարանով ապահովելու համար հաշվառման վերցնելու ժամկետին նախորդող 5 տարիների ընթացքում.

2) որոշակի բնակության վայր չունեցող անձին` որպես ժամանակավոր օթևան, մինչև 90 օր տևողությամբ.

3) ընտանեկան բռնության ենթարկված անձանց` որպես ժամանակավոր օթևան` մինչև 12 ամիս ժամկետով:

Վերը նշված 2-րդ և 3-րդ կետերով սահմանված դեպքերում տրամադրվում են՝

1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի ձևով.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) այլ համարժեք սոցիալական ծառայություններ՝ ըստ անհրաժեշտության կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում (հանրակրթական, մասնագիտացված բժշկական հաստատություն և այլն):

Կացարանով ապահովելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել