Նաիրի Զարյան փողոցում տեղակայված՝ երևեկության արագությունը 40 կմ/ժ-ով սահմանափակող նշանի տեղակայման վերաբերյալ վարորդներից շատերն են հայտնել իրենց դժգոհությունը: Նշանը տեղադրված է այնպես, որ Կոմիտասի պողոտայից Նաիրի Զարյան փողոց երթևեկող վարորդները դժվարությամբ են կարողանում նկատել այն:
Փաստաբան Վահե Աստվածատրյանը վարչական դատարանում վերացրել է ՃՈ-ի վարչական տույժ նշանակելու որոշումը, համաձայն որի՝ Նաիրի Զարյան փողոցում տեղադրված արագաչափ սարքի միջոցով արձանագրվել է սահմանված 40կմ/ժ արագությունը 8 կմ/ժ-ով գերազանցելու ենթադրյալ իրավախախտումը:
Նրա դիրքորոշմամբ՝ Կոմիտասի պողոտայից Նաիրի Զարյան երթևեկող վարորդների համար նշանը տեսանելի չէ. այդ փողոցով երթևեկող վարորդները չունեն օբյեկտիվ հնարավորություն պատշաճ կարգով ծանուցվելու, որ այստեղ սահմանված թույլատրելի արագությունն առավելագույնը 40 կմ/ժ է:
Բացի դա ՝ նշանի տեսանելիության հեռավորությունը պետք է լինի առնվազն 100 մետր (ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1699-Ն որոշման թիվ 3 հավելվածի 30-րդ կետ) և նշանները պետք է տեղակայված լինեն այնպես, որ չխանգարեն երթևեկող տրանսպորտային միջոցներին։
Դատարանը բավարարել է հայցը և անվավեր ճանաչել վարչական ակտը՝ ՀՀ ՃՈ-ից հօգուտ պետբյուջեի որպես պետական տուրք բռնագանձելով 4000 ՀՀ դրամ:
Վ. Աստվածատրյանի խոսքով՝ Նաիրի Զարյան փողոցում 40կմ/ժ-ից ավել գերազանցած վարորդները կարող են վիճարկել իրենց նկատմամբ ՃՈ կողմից կայացված վարչական ակտերը՝ որպես իրավական փաստարկ մատնանշելով ՎԴ/0002/05/15 գործով վճռի` դատարանի հիմնավորումները:
Զ.Մանուչարյան