Հասարակական-քաղաքական համակարգերը կզարգանան, եթե կանանց դերակատարությունը բարձրացվի. Կանանց իրավունքների թեմայով քննակում Շիրակի մարզում

Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում կին ավագանու անդամներ չկան. «Նախկինում եղել են, բայց այս անգամ ոչ, ոչ էլ թեկնածություն են դրել»,- այսօր Գյումրում ընթացող «ՄԱԿ-ի` Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի մոնիթորինգ» այլընտրանքային զեկույցի նախագծի հանրային քննարկմանը հայտարարեց համայնքապետ Սևակ Մադաթյանը, իսկ մեկ այլ գյուղի` Նոր կյանքի համայնքապետ Արա Սուքիասյանը կատակով արձագանքեց. «ամուսինները չեն թողնում»:

Մինչդեռ այս գյուղում, ըստ էության, ամուսինները թույլ են տալիս կանանց զբաղվել նաև հասարակական գործունեությամբ. «Յոթ ավագանուց չորսը կին են, կանայք շատ մեծ հաջողությամբ հաղթել են ավագանու թեկնածու տղամարդկանց, 13 թեկնածուներ են եղել, ընդամենը մեկ կին չի անցել: Մեր դպրոցում, մանկապարտեզում հիմնականում աշխատողները կին են»,- ասաց գյուղապետը:

Այդուհանդերձ, Շիրակի մարզում կանանց մասնակցության խնդիրները յուրաքանչյուր բնակավայրում առանձնահատուկ տեսք ունեն: Օրինակ` Քեթի գյուղում անգամ կին ավագանու անդամ չկա, սակայն Ախուրիկ համայնքի ղեկավար կին է` Վարդիթեր Գասպարյանը, մեկ այլ ծայրահեղություն` Բենիամին գյուղի բնակչության գերակշիռ մասը կանայք են, համայնքապետը տղամարդ էր, բայց հրաժարվեց պաշտոնից և մեկնեց արտագնա աշխատանքի:

Այսօր տեղի ունեցած քննարկմանը ժամանակ համայնքի ղեկավարները, ինչպես նաև քննարկմանը ներկա ՀԿ անդամները և իրավաբանները խոստովանեցին, որ հարկավոր է փոխել մարդկանց մտածելակերպը

Կարծրատիպերը կոտրելով կհասնենք մեծ արդյունքների: Նշեց ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը: Նա ասաց. «Կնոջ հոգատարությունը, ջերմությունը և ընտանիքում դերակատարությունը բերում է նրան, որ ընտանիքը շատ արագ ծաղկում է, նույն ձև, եթե կանանց հնարավորություն են տալիս մասնակցել սոցիալական, կրթության, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև խորհրդարանում, խորհրդավոր ասած` կանայք իրենց թևերը փռում են այդ համակարգերի վրա ու դրանք շատ արագ զարգանում: Սա ցույց է տալիս համաշխարհային փորձը»:

Այնուհետև Կարեն Զադոյանը ներկայացրեց զեկույցը: Այն կազմված է երկու մասից, առաջին մասում ուսումնասիրություններ են, երկրորդում` առաջարկությունները: Հանրային քննարկումների շրջանակներում նախատեսվումէ  ընդլայնել երկրորդ մասը, օրինակ հենց այսօր` Շիրակի մարզում եղան մի քանիսը: Ծավալվեծ բուռն քննարկում, որից հետո Կարեն Զադոյանը խոսեց զեկույցի թիրախներից, նա ասաց, որ դրա շրջանակներում 5 առանցքային խնդիրների վրա է ուշադրությունը սևեռվել, դրանք են՝ կանանց իրավունքները սեփականության իրավունքի ոլորտը, այդ թվում՝ ամուսնության, ամուսնալուծության ժառանգման համակարգում, կանանց վերարտադրողական և առողջության խնդիրները, մասնավորապես՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հարցերը, այս հարցում ՀՀ բացասական ցուցանիշ է արձանագրել, բացի այդ զեկույցում ուշադրություն է դարձվել նաև կանանց աշխատանքային իրավունքին, ինչպես նաև կանանց մասնակցության խնդիրներին ու վերջինը՝ միջազգային պայմանագրով ստանձնած ՀՀ-ի պարտականություններին:

Այնուհետև զեյցի մեթոդաբանությունը ներկայացրեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու Մարիամ Զադոյանը:

Նա տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում անցկացվել են հարցումներ պետական և ոչ պետական մարմինների շրջանակներում:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը առանձնացրեց հիմնական խնդիրները, նա մեջբերեց ուսումնասիրության արդյունքում ներկայացված առաջարկություններից մի քանիսը:

Քննարկման ավարտին ՀԵԻԱ նախագահ Կարեն Զադոյանը հավաստագրեր հանձնեց Շիրակի մարզում ծրագրի  ուսուցումների առաջին փուլը ավարտած և կանանց իրավունքների մասին հանրային իրազեկման սեմինարներ անցկացրած երիտասարդ կամավորներին:

Նշենք, որ զեկույցի նախագիծը պատրաստվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դեսպանության կողմից ֆինանսավորվող «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի շրջանակներում:

Ծրագրի ղեկավարն է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան  Կարեն Զադոյանը: Զեկույցի վրա աշխատել են Քարլ Ուլբրիխտը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի միջազգային փորձագետ, Դավիթ Աբգարյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փոխնախագահ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Սուզաննա Սողոմոնյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, Մարիամ Զադոյանը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան, «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու և Տաթևիկ Մանուկյանը՝ «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում» ծրագրի իրավախորհրդատու:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել