Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հանդես է եկել հայտարարությամբ

«Երբ ամիսներ առաջ իմ մարտական ընկերների հետ միասին սկսեցի պայքարել ազատամարտիկների և զինծառայողների արժանապատիվ կյանքի համար, նպատակ ունեի նաև ինչ որ չափով նպաստել մեր պետականության ամրապնդմանը: Այդպես էի մտածում, որովհետև համոզված էի և այժմ էլ համոզված եմ, որ պետականությունը հենվում է այն կերտած մարդկանց վրա: Մեր երկրի պարագայում այդ մարդիկ ազատամարտիկներն են: Եվ եթե ազատամարտիկներն արժանապատիվ կյանքով չեն ապրում, եթե անտեսված են ու մոռացված, ուրեմն վտանգված է նաև պետականությունը:

 Ուստի մեր պայքարը, սոցիալական լինելով հանդերձ, խորքում ազգային-պետական արմատներ ունի և այդ պատճառով շատ ավելի քաղաքական է, քան, օրինակ, կուսակցությունների գործունեությունը և միջկուսակցական պայքարը: Պայքարի սկզբում ես և իմ ընկերները գիտակցում էինք, որ պետական համակարգն արատավոր է: Միևնույն ժամանակ, հույս ունեինք, որ ազատամարտիկների` փողոց ու հրապարակ իջնելը կսթափեցնի օրվա կառավարիչներին և նրանք կսկսեն համապատասխան քայլեր ձեռնարկել:

Զինծառայության ավելի քան երկու տասնյակ տարիների ընթացքում շատ բան էի տեսել, բայց չէի պատկերացնում, որ պետական համակարգը հասել է քայքայման ու ինքնափլուզման շեմին: Ամիսներ շարունակ հակառակ կողմից առնչվելով պետական համակարգի և նրա բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, հասկացա, որ նրանք չեն ճանաչում, չեն ընդունում և չեն հարգում մեր պետականությունը և այն կրող մարդկանց` ազատամարտիկներին: Եվ դա անում են գիտակցաբար` հանուն իրենց անձնական ու խմբակային շահերի: Քանի որ նրանց և մեր պետականության ու ժողովրդի շահերն իրար հակասում են: Ինձ համար այլևս փաստ է, որ մենք չունենք ազգային պետություն:

 1988-ին սկսված ազգային-ազատագրական պայքարը կիսատ է մնացել: Այն, ինչ այսօր կոչում են պետություն, իրականում մեր ժողովրդին կեղեքող ու մեր պետականությունը կործանող մի համակարգ է, որը նման է իր տակի ճյուղը կտրող մարդու: Եթե նրա ձեռքը չբռնենք, բոլորս միասին կործանվելու ենք: Իսկ այդ ձեռքը կարող ենք բռնել միայն ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելով և ազգային պետություն կառուցելով:

Այս մասին վերջին շրջանում բազմիցս բարձրաձայնել եմ և արդեն պատրաստվում էի հանդես գալ պայքարի սոցիալական դրոշը ազգային-պետական բնույթի քաղաքականով փոխարինելու նախաձեռնությամբ: Մտադիր էի իմ աջակցությունը հայտնել Նախախորհրդարանին, քանի որ նա է պարզել ազգային-ազատագրական պայքարը ավարտին հասցնելու և հայկական պետություն կառուցելու դրոշը: Իմ այս քայլերը կասեցնելու ուրիշ տարբերակ չգտնելով, վարչախումբը ինձ բանտարկեց շինծու մեղադրանքով: Սակայն նրա ջանքերն իզուր են, ես պայքարելու եմ մինչև հաղթանակ:

Կոչ եմ անում իմ մարտական ընկերներին և մեր ժողովրդին` ոչ մի դեպքում չնահանջել և միանալով ազգային-ազատագրական պայքարին`իրականություն դարձնել ազգային պետության կառուցման մեր երազանքը»:

Այս հայտարարությունը տարածել  է «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը:

Իրավաբան.net


  Դիտվել է`

Այլ դատական գործեր

Դատական գործերի տեսանյութեր

Դատական գործեր (ֆոտո)

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել