Նորություններ

Մանկահասակ երեխան նորից կկանգնի մորից հեռու ապրելու խնդրի առջև. դատարանը հրապարակեց որոշումը

«Հայբիզնեսբանկ»-ից առանձնապես խոշոր չափերի հափշտակության գործով այսօր վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Արմեն Դանիելյանի, հրապարակեց որոշումը: Դատարանը մասնակիորեն բավարարեց մեղադրողի և պաշտպանական կողմի բողոքները:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը պահանջել էր բեկանել առաջին ատյանի դատավճիռը՝ այս գործով երկու կին ամբաստանյալների՝ Էդիտայի և Գոհար Գաբրիելյանի դեմ մեղմ պատժաչափերի մասով և ավելի խիստ պատիժ նշանակել` 5 տարվա ազատազրկում: Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Արշակ Վարդանյանի, կիրառել է Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը՝  ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը բավարարեց մեղադրողի բողոքը և Էդիտա Ալիխանյանի մասով բեկանեց դատավճիռը և նշանակեց ավելի խիստ պատիժ` 5 տարվա ազատազրկում: Եվ քանի որ վերջինս շուրջ երեք տարի ազատազրկված է եղել (որպես խափանման միջոց ընտրված է եղել կալանքը), ապա այս որոշումը ուժի մեջ մտնելու դեպքում նա կազատազրկվի 2 տարի 13 օրով: Միևնույն ժամանակ դատարանը մերժել է Գոհար Գաբրիելյանի մասով դատախազի բողոքը, և վերջինս կշարունակի պատիժը կրել պայմանականորեն:

Հիշեցնենք, որ ամբաստանյալ երկու կանայք էլ մանկահասակ երեխաներ ունեն: Եվ, եթե դատավարության ընթացքում Գոհար Գաբրիելյանը ազատության մեջ է եղել (նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրված է եղել ստորագրությունը` չհեռանալու մասին) և կարողացել է զբաղվել իր երեխայի խնամքով, ապա Էդիտայի 4 տարեկան երեխան շուրջ 3 տարի զրկված է եղել ծնողական խնամքից, ինչի հետևանքով ֆիզիկական և հոգեկան լուրջ խնդիրներ է ձեռքբերել: Ի դեպ, այս մասին թե առաջին, թե վերաքննիչ ատյանում քննության ժամանակ բազմիցս բարձրաձայնել է Էդիտայի պաշտպան Սիմոն Ամիրխանյանը:

Եվ այժմ, դեռևս չվերականգնված և առողջական խնդիրներ ունեցող մանկահասակ երեխային սպառնում է  ծնողական խնամքից զրկված մեծանալ:

Վերաքննիչ դատարանը սակայն այսօր նաև ծափահարությունների արժանացավ: Հենց դատարանի դահլիճից ազատ արձակվեց գործով ամբաստանայլ Մնացական Սարգսյանը, ով առաջին ատյանի դատավճռով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և կալանքի տակ էր: Նրա հանդեպ կիրառվեց համաներում: Դատարանը համաներում կիրառեց նաև ամբաստանյալ Վահե Ստեփանյանի հանդեպ, ով առաջին ատյանի դատարանով 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

Մանրամասները` տեսանյութում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել