Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մարտի 27-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Լևոն Հակոբյանին նշանակել առողջապահության նախարարի տեղակալ»։
Ներկայացնում ենք նորանշանակ փոխնախարարի կենսագրությունը։
Լևոն Հակոբյանը ծնվել է 1986 թվականի օգոստոս 30-ին, Երևանում:
2002–2008թթ. սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետում: 2010-ին ավարտել է ՀՀ ԱՆ Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատուրան՝ սոցիալական հիգիենա և առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ: 2012–2014 թվականներին ուսանել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրայում` հանրային կառավարում մասնագիտությամբ:
Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ (2010-2013):
2013-2014 թվականներին եղել է Թիվ 5 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Այնուհետև` 2015–2016 թվականներին կրկին աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում, որտեղ համակարգել է մոր և մանկան առողջության պահպանման ծառայության, առողջության առաջնային օղակի աշխատանքը:
2016 թվականին նշանակվել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն: Նույն տարում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, ծառայել է մինչև 2018 թվականը:
2019–ին կրկին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում` որպես տնօրեն:
2019 թվականին Լևոն Հակոբյանը աշխատել է որպես ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, իսկ 2020-2023 թվականը` «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ֊ի տնօրեն:
2023 -2024 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական:
Ամուսնացած է, ունի 3 դուստր: