Արման Մ․-ն 2024 թվականի մարտի 3-ին՝ ժամը 18:00-ից 18:30-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից դուրս գալու ժամանակ տեսել է, որ նույն հարկի հարևանի տան մուտքի դուռը բաց է, նա ապօրինի մուտք է գործել հարևանի բնակարան։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Տղան դռան հարակից պահարանի վրայից հափշտակել է այնտեղ բնակվող Ա․ Ղ․-ին պատկանող 40.000 դրամ արժողության պայուսակը։
Արման Մ․-ն գողոնի մեջ հայտնաբերել է 66.940 ՀՀ դրամ, թղթից ծաղիկ, որի վրա եղել է գրառում, թարթիչաներկ և միջադիր՝ վերջինիս պատճառելով 106.940 դրամի վնաս:
Գործը դատարան է ստացվել մարտի 28-ին և մակագրվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արամայիս Ասատրյանին։
Արման Մ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (Գողությունը, որը կատարվել է` բնակարան ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով։
Խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: