Ինչո˚ւ էր դատախազը միջնորդությունը վերահասցեագրել դատարանին

2012 թվականի սեպտեմբերին «Նուվել դԱրմենի» ամսագրում «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը «Հարսնաքար»-ի գործով քրեական գործին կկցվի որպես այլ փաստաթուղթ, բայց ոչ որպես գործով ապացույց: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի միջնորդության վերաբերյալ այս որոշումը կայացրեց դատարանը՝ լսելով դատավարական կողմերին:

Պարզվեց, որ ամբաստանյալների գույքի վրա կալանք դնելու մասին միջնորդությունը գործով մեղադրող դատախազները չեն ներկայացրել: Դատախազությունը պարզապես դատարանին է վերահասցեագրել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների կողմից գործով վերահսկողություն իրականացնող մեղադրող դատախազներին ներկայացրած վերոհիշյալ միջնորդությունը:

Փաստաբան Տիգրան Եգորյանը նշեց, որ այն ուղղված է եղել դատախազությանը, ոչ թե դատարանին: Դատախազ Արթուր Դավթյանն էլ պարզաբանեց, որ դատախազությունն իրավունք ունի միայն մինչդատական վարույթում որևէ միջնորդություն քննարկել, սակայն դատարանում քննվող գործի վերաբերյալ դատախազությունն այլևս որևէ լիազորություն չունի նման հարցերը քննության առնելու: Ուստի դատախազությունը նպատակահարմար է գտել այն վերահասցեագրել դատարանին:

Դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության:

 Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել