Հանրային խորհուրդը «սպառնում» է Կառավարությանը լիագումար նիստ հրավիրել խնդրահարույց նախագիծը հետ չկանչելու դեպքում

ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստի օրակարգում այսօր ներառված է եղել «Փաստաբանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

Այն ներկայացրել է Հանրային խորհրդի անդամ, ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը:

«Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստի ժամանակ Հանրային խորհրդի անդամները որոշեցին քննադատորեն վերաբերել այդ նախագծին և դատապարտել դրա ընդունումը»,- Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանը:

Քննարկման ընթացքում ներկաները համակարծիք են եղել, որ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգը, որը նախատեսում է նաև գրանցամատյանում հաշվառելու համար գանձվող տարեկան վաթսուն հազար դրամ տուրք, բացասական ազդեցություն կունենա դատիրավական ոլորտի վրա՝ խոչընդոտելով փաստաբանների անկախ ու անկաշկանդ գործունեությունը: Ինչ վերաբերում է գանձվող գումարին, որը պետք է ուղղվի անվճար իրավաբանական օգնությանը, ապա դա նույնպես համարվել է անթույլատրելի, քանի որ անվճար իրավաբանական օգնության համար օրենքով սահմանված կարգով պարտավոր է վճարել պետությունը:

Նշվել է, որ օրենքի նախագծերին դեմ է Փաստաբանների պալատը, որի նախագահ Արա Զոհրաբյանը հանդիսանում է նաև Հանրային խորհրդի պետաիրավական հարցերի հանձնաժողովի արդարադատության, դատարանակազմության և փաստաբանության ենթահանձնաժողովի նախագահը:

Հանրային խորհրդի անդամները հույս են հայտնել, որ կառավարությունը հետ կվերցնի նախագծերը, իսկ եթե ոչ, հարցը քննարկման կդրվի Հանրային խորհրդի լիագումար նիստին, որին կհրավիրվի նաև ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել