Կոռուպցիայի դեմ պայքարը  24-ժամյա աշխատանք է. Արթուր Դավթյանը վիճակագրություն է ներկայացնում

2017 թվականին Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է կաշառք ստանալու, տալու և կաշառքի միջնորդության 132 դեպք: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին,  լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Գլխավոր դատախազը նշեց, որ այս ցուցանիշը 10 տարի առաջ, այսինքն 2007 թվականին, կոռուպցիայի դեպքերը Հայաստանում ընդամենը 7-ն են եղել. «Կոռուպցիոն հանցագործությունները ունեն լատենտայնության բարձր մակարդակ։ Այս տեսակի հանցագործությունները կարող են բացահայտվել քրեական հետապնդման մարմինների հետևողական աշխատանքների շնորհիվ»։

Նա նաև նշեց, որ հանցագործության մասով բացահայտումները վկայել են առանձին պետական մարմիններում համակարգային կոռուպցիոն դրսևորումների մասին: Այդ տեսակի պետական մարմիններից են եղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քրեակատարողական ոլորտը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը. «2017 թվականի ընթացքում կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է 43 պաշտոնական անձ, որոնք 65 տոկոսով ավելի են, քան 2016 թվականին․ այդ տարի դատի տրվել 26 անձ»:

Դատախազը նաև նշեց, որ կոռուպցիայի դեմ պայքարը  24-ժամյա աշխատանք է և եթե որևէ մեկի համար այլ անձանց օրինակը բավարար չէ, որ զերծ մնան այս դեպքերից, ապա տվյալ անձը ստիպված է լինելու իր մաշկի վրա զգալ իրավապահ մարմինների աշխատանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել