«Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի»․ Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։

Լրագրողի հարցին, թե՝ Երևանն այս փուլում վերանայու՞մ է իր հարաբերությունները, դաշինքները, պատկանելիությունը տարածաշրջանային կամ միջազգային որոշակի ձևաչափերին: Արդյո՞ք Հայաստանի օրակարգում է Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը: Միրզոյանը պատասխանեց, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մի քանի անգամ ներխուժումներ են եղել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք․ «Մենք ՀԱՊԿ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, որի առաքելությունն է պաշտպանել անդամ երկրների ինքնիշխան տարածքները և սահմանները: Այսպիսով, երբ այդ ներխուժումները տեղի ունեցան, մենք չտեսանք պատշաճ գործողություն այն կազմակերպության կողմից, որին մենք անդամակցում ենք: Եվ պետք է նաև հիշել, որ ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որը, ինչպես ասացի, կոչված է պաշտպանելու անդամ երկրների սահմանները։ Պատշաճ արձագանքի բացակայությունը հարցեր առաջացրեց հայ հասարակության մեջ, և մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի։ Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որպեսզի բոլոր մեխանիզմները, որոնք սահմանված են, գործեն, և դրա անհրաժեշտությունը կա»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել