«Նոտարն ավելի մեծ առաքելություն ունի, քան կնիք դնելն է». Մարինե Մանուկյան

Հայաստանի Հանրապետության Կենտրոն նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանն ուսանողական տարիներին զբաղվել է լրագրությամբ: Թղթակցել է թերթերի, ռադիոյի, հեռուստատեսությամբ վարել «Սպորտը և ծիծաղը» հաղորդաշարը…

Նրա կարծիքով` կյանքը, ի տարբերություն աշխատանքի, ավարտվելու տենդենց ունի: Այս մոտեցմամբ` աշխատում է կյանքում ամեն ինչ բալանսավորել` ժամանակ հատկացնելով և’ սիրելի աշխատանքին, և’ ընտանիքին, և’ ընկերներին ու բարեկամներին:

Իրավաբան.net-ը Հայաստանում ընթացող նոտարական բարեփոխումներին զուգահեռ սկսում է նոր նախագիծ: Այսուհետև բացահայտելու ենք նոտարիների՝ որպես մասնագետ և անհատականություն: Իրավաբան.net-ի «Հայաստանի նոտարները» նախագծի առաջին զրուցակիցը ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանն Է:

Անձնական թերթիկ

.Ծնվել է 1976 թվականի հուլիսի 16-ին Գյումրի քաղաքում:

1993 թվականին ավարտել է Երևանի Մ.Գորկու անվան թիվ 4 միջնակագ դպրոցը:

1996 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության Ամուսնության պալատի ՔԿԱԳ բաժնում` որպես մասնագետ:

1998 թվականին աշխատել է Էրեբունի ՔԿԱԳ տարածքային բաժնում` որպես պետի տեղակալ:

.1998 թվականին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և պետական քննական հանձնաժողովի 2006 թվականի հունիսի 12-ի որոշմամբ, ստացել է գերազանցության դիպլոմ:

2000 թվականին նշանակվել է Երևանի Հատուկ Սպասարկման ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ:

2004 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ Արդարադատության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի պաշտոնում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

.– Մինչ օրս աշխատել եք մի քանի տարբեր աշխատավայրերում: Եղե˚լ է աշխատավայր, որտեղ աշխատելն ավելի հաճելի է եղել:

– Նշեմ, որ աշխատել սկսել եմ դեռևս ուսանողական տարիներից` երրորդ կուրսից: Այդ ժամանակ աշխատում էի Արդարադատության նախարարության Ամուսնության պալատ ՔԿԱԳ բաժնում` որպես մասնագետ: Յուրաքանչյուր աշխատավայր ու աշխատանք էլ ունի և’ իր հաճելի պահերը, և’ իր բարդությունները: Կարծում եմ համադրելու կարիք չկա: Կարող եմ միայն նշել, որ բոլոր աշխատավայրերում էլ աշխատանքս կապված է եղել քաղաքացիների անմիջական շփման հետ: Կարևորը` բոլոր տեղերում էլ աշխատել եմ սիրով:

– Ինչպե˚ս է անցում նոտարի առօրյան:

– Անցնում է աննկատ: Զբաղվածությունը թույլ չի տալիս նկատել, թե ինչպես է անցնում ժամանակը: Ուղղակի օրվա վերջում նկատում եմ, որ մեկ օր էլ անցավ: Երբեմն նույնիսկ հանգստանալու ժամանակ չի լինում, թեև գիտակցում եմ, որ կյանքը, ի տաբերություն աշխատանքի, ավարտվելու տենդենց ունի:

– Իսկ ի˚նչն եք կարևորում քաղաքացիների հետ շփումներում:

– Նոտարական գրասենյակ են այցելում տարբեր բնավորության, մտածելակերպի, խառնվածքի մարդիկ: Նոտարի աշխատանքի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ կարողանա յուրաքանչյուրին յուրովի մոտենալ, խոսել դիմացինին հասանելի լեզվով: Ուրախ եմ, երբ կարողանում եմ օգնել քաղաքացիներին: Օգնելը միան չի ենթադրում քաղաքացու պահանջը կատարելը և գործարքը վավերացնելը, այլ նաև ճիշտ խորհուրդ տալը, ուղղորդելը և բացատրելը: Այստեղ օգնության է գալիս Նոտարի աշխատանքի ընթացքում ձեռք բերված հոգեբանի հմտությունները, որոնք տարիների ընթացքում ավելի են կատարելագործվում: Մարդիկ նոտարի մոտ գալիս են տարբեր հոգեվիճակում. երբեմն հուզված` ասենք կորուստ են ունեցել, երբեմն` ուրախ և բարձր տրամադրությամբ, օրինակ` եկել են ամուսնական պայմանագիր կնքելու: Երբեմն էլ քաղաքացու հետ զրուցելիս պարզվում է, որ նրան հարազատները խաբեությամբ կա ստիպողաբար են բերել Նոտարական գրասենյակ:

.– Իսկ շա˚տ են ամուսանական պայմանագիր կնքող զույգերը:

– Ոչ այդքան: Ամուսնական պայմանագիր հիմնականում կնքում են օտարերկրյա քաղաքացիները: Օրինակ` երբ ամուսնանում են հայ և այլ երկրի քաղաքացի: Իսկ պայմանագրի դրույթները մեծ մասամբ վերաբերում է ամուսնության ընթացքում ձեռք բերվելիք գույքին կամ երեխաների դաստիրարակության գործում ծնողների իրավունքներին և պարտականություններին:

– Ի˚նչ հետաքրքիր դեպքեր են լինում աշխատանքային պրակտիկայում:

– Վերջերս փոխառության պայմանագիր էի վավերացնում: Մի կողմին ասացի` ամուսնացա˚ծ եք՝ Ձեր կինը նույնպես պետք է ներկայանա նոտարական գրասենյակ: Գործարքին մասնակից մյուս կողմը տարակուսած նայեց և ասաց` ես ամուսանացած չեմ… Ի˚նչ անեմ` կլինի˚ ընկերուհուս հետս բերեմ:

Իրավաբանական անձի հետ կապված գործարք պետք է վավերացնեի: Արդեն ստորագրելու պահն էր: Նախապես հարցրեցի` կնիքը ձեզ հե˚տ է: Ասաց չեմ բերել, բայց եթե սպասեք` 10 րոպեից կբերեմ: Քիչ անց ներս մտավ մի կնոջ հետ և մատնացույց անելով կողքի կնոջը՝ ասաց՝ բերեցի:

– Արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ բարեփոխումներով հասնելու են նրան, որ մարդիկ չմտածեն` նոտարի թուղթ է` խնդիր չկա: Իսկապես եղե˚լ են մարդիկ, ովքեր այդ տրամադրվածությամբ են Ձեզ մոտ մտել:

– Այդ մոտեցումը հիմնականում կապված է քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակի հետ: Երբեմն, նույնիսկ օրենքի պահանջը երկար բացատրելուց հետո, քաղաքացին կարող է շարունակել պնդել` «մի կնիք էր, դնեիք գնայի էլի»: Այդ տեսակետը մի գուցե պայմանավորված է նրանով, որ քաղաքացին շատ հաճախ չի տեսնում, թե ինչ աշխատանք է կատարվում նոտարի կողմից, մինչև գործարքի վավերացումը: Պարզապես պետք է գիտակցել, որ նոտարն ավելի մեծ առաքելություն ունի, քան կնիք դնելն է:

Պետք է նշել, որ վերջին տարիներին նոտարական համակարգում կատարված բարեփոխումներն ավելի քան ակնհայտ են: Մասնավորապես, ցանկանում եմ կարևորել մեր նոտարական համակարգի անդամակցությունը Լատինական նոտարիատի միջազգային միությանը, Նոտարի կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող սակագների հստակեցումը, Հսկիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումը, նոտարների հաստիքների ավելացումը, որի արդյունքում նվազեցին հերթերը նոտարական գրասենյակներում: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել և կարևորել վերջին շրջանում Նոտարական պալատի ակտիվ գործունեությունը, Արդարադատության նախարարության կողմից իրականացվող Նոտարիատի էլեկտրոնային կառավարման համակարգ ներդնելուն ուղղված աշխատանքները, որը նպատակաուղղված է ապահովվել քաղաքացիների համար «մեկ պատուհանի» սկզբունքը:

– Աշխատանքից անցնենք Ձեր ընտանիքին: Մարինե Մանուկյանն ի˚նչն է առավել կարևորում երեխաների դաստիարակության գործում:

– Առաջնահերթը երեխաներին անսահման սեր և հոգատարություն տալն եմ կարևորում: Փորձել եմ երեխաներիս մեջ սերմանել ազնվություն, հայրենասիրություն: Փոքր տղաս Տիգրան անունն ունի: Այդ անունով նրան կոչել է մայրս ու միշտ տղայիս ասում է, որ Տիգրան անունն ընտրել է ի պատիվ Տիգրան Մեծ թագավորի, և որ երբ մեծանա փորձի ետ վերադարձնել Արարատ սարը: Իր մեջ տպավորվել է հայրենիքին ինչ-որ բանով օգտակար լինելու տատիկի հորդորը: Արարատ սարը շատ գեղեցիկ երևում է դեպի «Հաղթանակի» զբոսայգի տանող ճանապարհից, և երբ տղաս փոքր էր, ամեն անգամ մեքենայով անցնելիս` ասում էր` մեծանամ` Արարատ սարս բերեմ: Մի անգամ, երբ անցում էինք նույն ճանապարհով, անսպասելի սկսեց լաց լինել: Երբ հարցրեցի պատճառը` ասաց, սարս չկա` թուրքերը տարան, ես չհասցրի բերեմ: Նայեցի Արարատին, տեսա ամբողջությամբ սարը մառախուղի մեջ է (ժպտում է- Ն.Հ.):

Մի անգամ էլ հարցրեց, թե թուրքերը որքա˚ն են թվաքանակով: Ու ավելացրեց` մամ, որ մեծանամ քանի˚ երեխա պետք է ունենամ, որ հավասարվենք: (ժպտում է- Ն.Հ.):

Մեծ որդիս` Դավիթը, ավելի հանգիստ բնավորություն ունի: Նրա հետաքրքրություններն լրիվ այլ են: Ասեմ, որ հիանալի ձայն ունի: Հաճախում է երգի:

Երեխաներս սովորում են ֆրանսիական դպրոցում: Այնտեղ աշխատում են երեխաների մեջ սերմանել ազատ մտածելակերպ և դաստիարակել որպես անհատականությունն: Կարծում եմ` ֆրանսիական թեքումով դպրոց հաճախելը հայրենասիրությանը չի հակասում: Հայրենիքը մեկն է: Կապ չունի, թե դրա նկատմամբ սերը ով կսերմանի: Ֆրանսիացի ուսուցիչն էլ կարող է ճիշտ հայրենասիրություն ձևավորել երեխայի մեջ:

– Ինչպե˚ս է անցել Մարինե Մանուկյանի մանկությունը:

– Ես ծնվել եմ Գյումրիում, որտեղ մեր ընտանիքը բնակություն էր հաստատել կապված հայրիկիս աշխատանքային գործունեության հետ: Մանկությունը հիշելիս բոլորիս դեմքին էլ ժպիտ է հայտնվում: Հանգիստ բնավորություն եմ ունեցել: Սիրած զբաղմունքս եղել է նկարելը, ի դեպ, հիմա էլ եմ սիրում նկարել: Հիմնականում սիրում եմ նկարել ծաղիկներ, արև…Նկարածս վերջին նկարները երեխաներս դպրոց են տարել:

– Իսկ ո˚րն է եղել մանկության ամենամեծ երազանքը:

– Մանկության ամենամեծ երազանքը, որն ունեցել եմ և հիմա էլ ունեմ՝ ցանկությունն է օգնել կամ կարողանալ օգնել իմ մտերիմների, հարազատների երազանքների իրականացմանը:

.– «Երջանկության մեխանիկա» ֆիլմում գլխավոր հերոսներից մեկն ասում էր. «Երջանկությունը դիմացինին երջանիկ տեսնելու մեջ է»: Փաստորեն Ձեզ մոտ էլ է այդպե˚ս:

– Այո, այդպես է: Եվ ընդհանրապես` կարծում եմ, որ հնարավոր չէ միշտ երջանիկ լինել կամ միշտ լինել դժբախտ: Ուղղակի պետք է փորձել դիմացինիդ ավելի շատ երջանիկ պահեր պարգևել: Երջանկությունն ամեն մարդ յուրովի է ընկալում: Այն, որ առավոտյան դու և հարազատներդ արթնացել եք ողջ և առողջ, արդեն իսկ հազարավոր մարդկանցից շատ ավելի երջանիկ եք:

– Հաճա˚խ եք ասում հարազատներին ու ընկերներին, որ թանկ են Ձեզ համար:

– Մտքումս՝ գրեթե ամեն օր: Ունեմ հրաշալի հարազատներ, իսկ ընկերների առումով՝ ճակատագիրն ավելի քան շռայլ է գտնվել իմ նկատմամբ:

.– Կա˚ ինչ-որ բան, որը կցանկանայիք փոխել Ձեր անցյալում:

– Երևի թե ոչ, որովհետև ցանկացած մարդու անցած ճանապարհում էլ կան և´ հաղթանակներ, և´ սխալներ, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Ով չի սխալվել, կարելի է ասել՝ ոչինչ չի արել: Ուղղակի կարծում եմ պետք է ընդունել սխալը, դասեր քաղել և նայել առաջ:

.Հարցազրույցի ընթացքում աշխատակիցներն աշխատանքային հարցերով մտնում էին Մարինե Մանուկյանի աշխատասենյակ: Նոտարը հարցերի պատասխանները հնչեցնում էր ժպիտով ու ընկերական տոնով: Իսկ իմ հարցերին պատասխանելու ժամանակ՝ աշխատասենյակում տեղադրված մոնիտորի միջոցով հաճախ էր նայում աշխատակիցների սենյակը. հանկարծ այնպես չլինի, որ քաղաքացին գա նոտարական գրասենյակ, արագ չսպասարկեն կամ հերթեր առաջանան…Ամեն ինչ վերահսկվում է՝ անգամ հարցազրույցի ժամանակ:

.Լուսանկարներից մի քանիսը՝ Մարինե Մանուկյանի արխիվից

Նունե Հովսեփյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել