Ռուբեն Վարդանյանը վերջին կես տարում անսահման թվով նամակներ է ուղարկել, բայց ոչ մեկը չի հասել հասցեատիրոջը․ Դավիթ Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը վերջին կես տարում անսահման թվով նամակներ է ուղարկել, բայց ոչ մեկը չի հասել հասցեատիրոջը, RTV հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը։

«Իրավիճակի առանցքային խնդիրն ու անհեթեթությունն այն է, որ հորս շահերի միակ ներկայացուցիչները, որոնք հասանելի են նրան, ադրբեջանցի տեղացի իրավաբաններն են։ Մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել ոչ միայն տեսնել հորս, այլև նույնիսկ կապ հաստատել նրա հետ։ Այսինքն՝ սա տեղեկատվական ամբողջական վակուում է և լիակատար մեկուսացում»,- նշել է Դավիթ Վարդանյանը։

Նա հավելել է, որ Ռուբեն Վարդանյանին տեսակցելու փաստաբանների բոլոր դիմումները «կամ ուղղակի անտեսվել են, կամ մերժվել»։ «Անկախ բժիշկները» ևս չեն կարողանում այցելել Արցախի նախկին պետնախարարին:

Ընտանիքի վարձած փաստաբանները չեն կարողանում տեսակցել Ադրբեջանում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող Վարդանյանին։

Հացադուլից հետո միայն պետական հիվանդանոցի բժիշկներն են զննել նրան։ Նամակ հնարավոր է ուղարկել միայն Կարմիր խաչի միջոցով, որը շատ կոշտ կանոնակարգ ունի` առավելագույնը 4 էջ․«Նրանք (Կարմիր խաչը) աշխատում են այնպես, ինչպես կարող են, բայց նրանց ձեռքերը նույնպես շատ կապված են այնտեղ: Ինչպես ինձ ասաց հայրս, վերջին վեց ամսվա ընթացքում նա արդեն անսահմանափակ թվով նամակներ է ուղարկել։ Դրանցից ոչ մեկը հասցեատիրոջը չի հասել, այսինքն՝ մեզ մոտ էլ է այս կապի մեթոդը կտրված»,- ասել է Դավիթ Վարդանյանը։

Դավիթը կարողանում է հեռախոսով խոսել հոր հետ, բայց չեն կարողանում ինչ-որ հարցեր քննարկել։

Ընտանիքը երախտապարտ է տեղի փաստաբանին, որը վտանգում է իր կյանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել