Վտանգավոր կերի` շուկայից հետկանչումը, օգտահանումը և ոչնչացումը

Վտանգավոր կերը կերի շղթայի օպերատորի կողմից ենթակա է առանձին հաշվառման ու պահման, շուկայից հետկանչման և փորձաքննության:

Վտանգավոր կեր տնօրինողը պարտավոր է անհապաղ սկսել հետկանչման գործընթաց` ձեռնարկելով հետևյալ քայլերը`

1) տվյալ խմբաքանակի կերը և կերային հավելումները ենթարկել առանձին հաշվառման ու պահման.

2) այդ մասին տեղեկացնել տվյալ կերի և կերային հավելումների մատակարարին, ձեռք բերողին և լիազոր մարմնին:

Լիազոր մարմինն ապահովում է հայտնաբերված վտանգավոր կերի հավելումների ամբողջ խմբաքանակի` շուկայից հետկանչման գործընթացի նկատմամբ վերահսկողությունը, դրա շրջանառության հետ կապված ռիսկի տեսակի, ծավալի և աստիճանի վերլուծությունը, ինչպես նաև այդ մասին, ըստ անհրաժեշտության, զանգվածային լրատվության միջոցներով իրազեկում է ազգաբնակչությանը:

Եթե վտանգավոր կերն իրացվել է սպառողին, ապա վաճառողը պարտավոր է հետ վերցնել այդ կերը և «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով բավարարել սպառողների պահանջները:

Եթե օրենքով սահմանված կարգով հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի կատարած փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կերը կամ կերային հավելումները վտանգավոր են, վտանգավոր խմբաքանակի կերը և վտանգավոր կերային հավելումները ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:

Վտանգավոր կերի հետկանչումը, փորձաքննությունը, փոխադրումը, պահումը, օգտահանումը կամ ոչնչացումը կատարվում են տվյալ կերը և կերային հավելումները տնօրինողի միջոցների հաշվին:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել