Այսօր՝ մայիսի 8-ին, Արդարադատության ոլորտի բարեփոխումների, դատավորների գնահատման նոր համակարգի միջոցառումների ներկայացման քննարկման ընթացքում Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի հարց-դիտարկումը վերաբերում էր երկու ուղղություններին։ Համակարգի ձևավորման մասով նշեց, որ հանձնաժողովը 25 հոգուց է բաղկացած լինելու՝ 10 հոգի դատավորների կազմից, հնգական ներկայացուցիչներ բուհերից, ՀԿ-ներից և ևս 5 ներկայացուցիչներ դատական դեպարտամենտից։
Նա հարցրեց՝ դատական դեպարտամենտն իրավասություն ունի՞ այս մարմնում անդամներ ներկայացնելու և արդյո՞ք այստեղ ողջամիտ կասկածներ չեն առաջանա, որ մեծամասնությունը նորից դատական իշխանությունից կլինի՝ հաշվի առնելով նաև նախորդ հանձնաժողովներում ունեցած փորձը, իսկ երկրորդ հարցը վերաբերում էր այն խնդրին, թե ինչո՞ւ բոլոր երեք-չորս քվոտաներով նույն փնջից պետք է ընտրեն իրավաբան-գիտնականներ, եթե ՀԿ-ներն իրենց գործունեությունը առավելապես գործնական ուղղություններով են առաջ տանում։
Վերաքննիչ դատարանի դատավոր Անի Մխիթարյանը պատասխանեց, որ աշխատանքային խմբում քննարկվում է տարբերակ, որ ընդհանրապես քվոտումները չնախատեսվեն որևէ սուբյեկտների համար, փորձում են լուծել որևէ շահագրգռվածության բացակայության խնդիրը և լուծել այս գործընթացին մասնագետների ավելի լայն ընդգրկումը։
«Նպատակը ոչ թե դատավորների աջակիցների, այլ օբյեկտիվ չափանիշներով թեկնածուներ ընտրելն է, և դատական դեպարտամենտին նման լիազորությամբ օժտելը նախագծի հեղինակների կողմից այն տրամաբանությունն է գործել, որ նրանք ավելի լավ են ծանոթ ամբողջ դատական գործընթացում տեղի ունեցող իրավիճակին և իրենց կողմից առաջադրված մասնագետները կկարողանան իրականացնել պատշաճ գնահատում»,-ասաց Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ գնահատումը չպետք է լինի ինքնանպատակ կամ ցանկությունը բավարարելու հնարավորություն, որ գան տեսնեն, թե դատավորներն ինչ և ինչպես են անում, այսինքն՝ պետք է լինի մասնագիտացված մոտեցում և դրա արդյունքում պետք է բացահայտվեն այն չափանիշները, որի համար ստեղծված է գնահատումը։
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արուս Հայրապետյանն ասաց․ «Այն մարմինները, որոնք առաջադրում են հիշյալ թեկնածուներին, որևէ պահանջ չկա, որպեսզի լինեն այդ մարմիններից, այսինքն՝ տվյալ պարագայում դեպարտամենտը պարզապես այն մարմինն է, որն առաջադրում է համապատասխան պահանջներին բավարարող իրավաբան։ Բնավ, սա չի նշանակում, որ տվյալ իրավաբանը պետք է լինի դեպարտամենտի աշխատակից կամ որևէ ձևով ներկայացնի դատական դեպարտամենտը։
Մանրամասները՝ տեսանյութում։