Մայիսի 4-ին «Այբ» դպրոցում տեղի ունեցավ Գագիկ Գրիգորյանի անվան համադպրոցական գիտաժողովը, որի նպատակն է մեծացնել դպրոցականների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրությունը և ստեղծել տարբեր դպրոցների միջև արժեքավոր փորձի փոխանակման հնարավորություն:
Գիտաժողովն անվանակոչվել էր սիրելի ուսուցիչ ու գիտնական, հայկական կրթության ու գիտության զարգացման մեջ նշանակալի դեր ունեցած Գագիկ Գրիգորյանի պատվին: «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանի խոսքով՝ կարևոր է գիտության նշանակությունն ու ազդեցությունը հասկանալ դեռ դպրոցից, որտեղ չափազանց մեծ է ուսուցչի դերը: Գագիկ Վարդանիչը այն ուսուցիչներից էր, որ կարողացել է բազմաթիվ երիտասարդների մեջ սեր առաջացնել ֆիզիկայի ու ընդհանրապես կրթության նկատմամբ:
Համադպրոցական գիտաժողովին մասնակցում էր 52 թիմ Երևանի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի 32 դպրոցներից: Թիմերը ներկայացրին իրենց նախագծերը քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաներից:
«Այբ» դպրոցի ակադեմիական գծով տնօրեն Մերի Հովսեփյանը դպրոցականներին ուղղված իր խոսքում շեշտեց հարցեր, որոնց պատասխանները պիտի ստանային օրվա ընթացքում. ի՞նչ է գիտությունը, ինչպե՞ս է ձևավորվում գիտելիքը, ինչպե՞ս են տեղի ունենում այն հայտնագործությունները, որոնց մասին կարդում ենք գրքերում:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին բանավոր զեկույցներ, նախագծերի մասին պատմող պաստառներ ու ցուցադրական փորձեր, հնչեցին բազմաթիվ նորարար ու յուրօրինակ մտքեր: Էներգետիկ ըմպելիքների ազդեցությունից մինչև արդի տեխնոլոգիաները քարտեզագրության մեջ, Ալցհայմերի հիվանդությունից մինչև կարմիր աստղերի ուսումնասիրություն․ թիմերը պատմում էին իրենց փորձերի ընթացքի, արդյունքների ու կատարած եզրակացությունների մասին:
Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի սան Արտավազդ Չուլյանը ներկայացնում էր գույների ազդեցությունը գլխուղեղի սպեկտրի վրա: Արտավազդը նշում է, որ իր համար շատ հետաքրքիր էր նաև մյուս թիմերի աշխատանքներին ծանոթանալը:
«Մեր հասակակիցները բավականին խոր գիտական հետազոտություններ են անում, լուրջ աշխատանքներ կատարում, նույնիսկ նոր բաներ հայտնագործում»,- ասում է Արտավազդը:
Արտավազդի համար կարևոր էին նաև ժյուրիի անդամների հարցերն ու «քննադատությունը»: Ժյուրիի հարցերը նրան օգնեցին հասկանալու, թե ինչ պետք է անել հետագայում իր նախագիծը է՛լ ավելի բարելավելու համար: Ըստ Արտավազդի՝ աշխատանքը չպետք է կատարել ուղղակի անելու համար, այլ պետք է հստակ նպատակ դնել ու խորքային ուսումնասիրություն կատարել:
«Այբ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արփի Ղարագուլյանը հետազոտություն էր կատարել «Տնական ախտահանիչներ» թեմայով: Նպատակն էր հասկանալ տնային մթերքների հականեխիչ ազդեցությունը ձեռքի վրա հաճախ հանդիպող բակտերիաների վրա: Արփին նշում է, որ ժյուրիի անդամների հումորի զգացումն օգնում էր վանելու լարվածությունը և վստահ ներկայացնելու նախագիծը: Որպես հյուրընկալող կողմ՝ նա ոգևորությամբ ու մեծ հետաքրքրությամբ էր հետևում մյուս թիմերի ներկայացումներին:
Դե իսկ ի՞նչ այբական միջոցառում առանց ազգային պարի: «Այբ» դպրոցի աշակերտները ելույթ ունեցան «Իշխանաց» և «Յարխուշտա» պարերով, որոնց հաջորդեց հյուրերի հետ շուրջպարը:
Այնուհետև ամփոփեցինք գիտաժողովի արդյունքները: Հաղթող թիմերն արժանացան հետաքրքիր, գիտական ու բացահայտող խրախուսական նվերների:
Նույն օրը Գագիկ Գրիգորյանի անունով կոչվեց բնագիտական լաբորատորիան: Անվանակոչմանը ներկա էին «Այբ»-ի համահիմնադիրները՝ Գագիկ Վարդանիչի աշակերտները:
Չափազանց ուրախ էինք տեսնելու այսքան պայծառ ու խոստումնալից երիտասարդների: Վստահ ենք, որ մեր պատանի գիտնականները դեռ շա՜տ հաջողություններ կգրանցեն: