Ի՞նչ կարգով են տրամադրվում դրոշմապիտակները

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք դրոշմապիտակները ձեռք են բերում իրենց հաշվառման հարկային տեսչությունից, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք` իրենց հաշվառման մաքսատնից` մինչև այդ ապրանքների օտարումը:

Վերը նշված օրենքի համաձայն՝ դրոշմապիտակները տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) անձանց` նրանց կողմից դրոշմապիտակների ձեռք բերման ամբողջ արժեքը նախապես պետական բյուջե վճարելու դեպքում:

Դրոշմապիտակները տրամադրվում են «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 2-րդ հավելվածով սահմանված կարգով` էլեկտրոնային եղանակով ներկայացված՝ դրոշմապիտակի ձեռք բերման հայտի հիման վրա:

Հարկ է նշել, որ դրոշմապիտակները տրամադրվում են դրանց ձեռք բերման համար հայտ ներկայացրած կազմակերպության լիազորած ֆիզիկական անձին, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա լիազորած ֆիզիկական անձին, եթե դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից դրոշմապիտակների պահանջվող քանակության համար կատարվել է վճարում: Ընդ որում, հայտով պահանջվող դրոշմապիտակների քանակության համար վճարման ենթակա գումարը կարող է պակասեցվել դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողի կամ ներմուծողի կողմից նախկինում ստացված դրոշմապիտակների համար ավել վճարված և հայտի ներկայացման օրվա դրությամբ չհաշվանցված և (կամ) չվերադարձված գումարների չափով:

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող և (կամ) ներմուծող՝

1) կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև ապրանքների իրացումը (իսկ ցանկության դեպքում՝ մինչև ապրանքների արտադրությունը կամ ներմուծումը) էլեկտրոնային եղանակով կատարում են գրանցումներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով ճշգրտումներ են կատարում այդ գրանցումներում.

2) օրենքով սահմանված կարգով շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը կարող են մինչև ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումներ չկատարել, եթե գրանցման ենթակա բոլոր տվյալները (բացառությամբ տրամադրվելիք դրոշմապիտակների սերիաների ու հերթական համարների) նշում են դրոշմապիտակների ձեռք բերման հայտում: Սույն կետում նշված հարկ վճարողները անհրաժեշտության դեպքում կարող են, մինչև ապրանքների իրացումը, էլեկտրոնային եղանակով գրանցումներ կատարելու միջոցով ճշգրտել նախկինում իրենց կողմից ներկայացված՝ դրոշմապիտակների ձեռք բերման հայտում նշված տվյալները:

Կաևոր է իմանալ, որ այս մասի կիրառության իմաստով՝

ա. մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցումների կատարումը և (կամ) գրանցման ենթակա բոլոր տվյալներով դրոշմապիտակների ձեռք բերման հայտի ներկայացումը չեն դիտվում որպես էլեկտրոնային գրանցումներում կամ դրոշմապիտակների ձեռք բերման հայտում նշված ապրանքների իրացում,

բ. մինչև պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների իրացումը էլեկտրոնային եղանակով գրանցվում են պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների տեսակը, ենթատեսակը (նկարագիրը), տարողությունը (ծավալը, քաշը կամ տվյալ ապրանքատեսակին բնորոշ չափման այլ միավորը), քանակությունը և համապատասխան դրոշմապիտակների սերիաներն ու հերթական համարները (այդ թվում` միջակայքերով):

Նշենք նար, որ օրենքով սահմանված՝ դրոշմապիտակների տրամադրման պայմանները բավարարված լինելու դեպքում դրոշմապիտակները տրամադրվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրոշմապիտակների ստացումը հաստատվում է ստացականով:

Հարկային տեսչությունները յուրաքանչյուր արտադրողի, իսկ մաքսատները յուրաքանչյուր ներմուծողի համար վարում են դրոշմապիտակների հաշվառման քարտեր՝ ըստ դրոշմապիտակների տեսակների: Քարտում նշվում են տրամադրված կամ հետ ընդունված դրոշմապիտակների քանակները, սերիաները և համարները:

Տեղեկացնենք նաև, որ օրենքով նախատեսված հայտի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն:

Նյութը պատրաստվել է «Հանրային վերահսկողության և կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման մեխանիզմների ուժեղացումը սննդի անվտանգության ոլորտում ծրագրի» շրջանակներում, որն իրականացվում է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ ԴԻՄԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐԻՆ, ԺԱՄԸ 09.00-13.00 14.00-18.00, ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110, հեռախոսահամար 010 540199:

Կարող եք կարդալ նաև՝

Արտադրական գործունեության կամ այդ գործունեության առանձին գործառույթները կարող են կասեցվել կասեցումը

Սննդի օպերատորի պատասխանատվությունը վտանգավոր սննդամթերքի համար

Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության մասին

Ո՞ր դեպքերում է արգելվում սննդամթերքը դնել շրջանառության մեջ

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող ո՞ր նյութերն են համարվում վտանգավոր և ի՞նչ կարգով պետք է դրանք հետ կանչվեն

Ի՞նչ պահանջներ պետք է ապահովվի սննդամթերքի արտադրությունը

Առևտրի կազմակերպման կանոններ, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Արգելվում է ներմուծել

Սննդամթերքի ներմուծմանը, արտահանմանը և տարանցիկ փոխադրմանը ներկայացվող պահանջները

Առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայություններ մատուցողները կարող են ենթարկվել պատասխանատվության

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել