Նորություններ

28 հազար դոլար՝ «հին ու բարի» մայր տոնածառի համար

«Ամանորի անակնկալներ» արտահայտությունը վաղուց արդեն չի վերաբերում հայաստանյան մայր տոնածառին՝ այն թեև թանկարժեք է, սակայն վերջին տարիներին մշտապես նույն տեսքն ունի: Այո, բոլորովին էլ արդիական չէ այս պահին գրելը Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի մասին, երբ մարդկանց ուղեղում ծովն է, ամառային հանգիստը: Սակայն հարկատուներիս միջոցներից զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվում տարիներ շարունակ միևնույն զարդարանքով ու արդեն անհետաքրքիր դարձած տոնածառի վրա:

Վերջին երեք տարիներին (2014, 2015, 2016) մայրաքաղաքում տոնածառերի տեղադրման և ձևավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով յուրաքանչյուր տարի Երևանի բյուջեից հատկացվել է շուրջ 22 միլիոն դրամ կամ շուրջ 46 000 դոլար: Այս գումարի  13.45 միլիոն դրամը (շուրջ 28 հազար դոլար) հատկացվել է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման ու ձևավորման համար:

«Վերջինս ներառում է տոնածառի մետաղական կարկասի տեղադրման, պատվանդանի կառուցման, կարկասների վրա տոնածառի ճյուղերի հավաքման, լուսավորության վահանակաների տեղադրման, լուսային շարանների մոնտաժման, խաղալիքների և գագաթի տեղադրման, տոնածառի ապամոնտաժման, տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքներ»,- Իրավաբան.net-ի հարցմանը պատասխանել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:

Մայր տոնածառի  տեղադրման խնդիրներով զբաղվում է «Ձևավորում» ՓԲ ընկերությունը: Այսպես, 2015 և 2016 թվականների մայր տոնածառի տեղադրման համար պայմանագրեր կնքվել են Երևանի քաղաքապետարանի և «Ձևավորում» ՓԲ ընկերության միջև: Ըստ այս պայմանագրերի՝ «Ձևավորում» ընկերությունը 13.45 միլիոն դրամի դիմաց կատարել է հետևյալը.

  1. Հանրապետության հրապարակում մետաղական կարկասի տեղադրում,
  2. Մարզերում եղևնու ճյուղերի կտրատում, բարձում մեքենաների վրա, տեղափոխում Երևան,
  3. Խաղալիքների, լույսերի, ճյուղերի տեսակավորում, տեղափոխում Հանրապետության հրապարակ,
  4. Մայր տոնածառի պատվանդի կառուցում, տոնածառի ճյուղերի հավաքում երկաթե կարկասի վրա, լուսավորության վահանակների տեղադրում, լուսային շարանների մոնտաժում, խաղալիքների տեղադրում, լուսավորության փորձարկում, գագաթի տեղադրում:
  5. Տոնական օրերին հերթապահության ապահովում, ապամոնտաժում, տեղափոխում պահեստ:

2017-ի մայր տոնածառի տեղադրման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2016-ի հունիսի 6-ին՝ «Ձևավորում» ՓԲ ընկերության և «Երևան» հիմնադրամի միջև: Այս տարի մայր տոնածառի տեղադրման համար «Ձևավորում» ՓԲ ընկերությունը նույն աշխատանքներն է կատարել: Միայն թե այս դեպքում պայմանագրում նշված է, որ մարզերում պետք է կտրտել 6000 հատ եղևնու ճյուղ:

Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք վերջին տարիների մայր տոնածառի զարդարման համար գնվել են նաև լույսեր, ճյուղեր, խաղալիքներ, Վիլեն Արևշատյանը պատասխանել է. «Հանրապետության հրապարակում Ամանորի մայր տոնածառի ձևավորման համար 2014, 2015 և 2016 թվականներին լույսեր և ճյուղեր չեն գնվել, իսկ տոնածառը զարդարող խաղալիքները ձեռք են բերվել տեղադրման և և ձևավորման ծառայությունների հետ միասին, որոնց գնման համապատասխան պայմանագրերի պատճեները տրամադրվել են Ձեզ»:

Այս պատասխանից ենթադրվում է, որ վերջին տարիներին տոնածառը զարդարող լույսերը գնվել են ավելի վաղ և օգտագործվում են տարիներ շարունակ, սակայն նույնը չի վերաբերում խաղալիքներին: Ամեն տարի տոնածառի համար նախատեսված և վճարված 13.45 միլիոն դրամ արժեքի մեջ ներառված է եղել խաղալիքների ձեռքբերման արժեքը:  Եվ, փաստորեն, վերջին մի քանի տարիներին անընդհատ միևնույն դիզայնով տոնածառի համար գնվում են նոր խաղալիքներ:

Սակայն Վ. Արևշատյանի հիշատակած պայմանագրերում խաղալիքների ձեռքբերման տող չի նշվում: Եվ սա միակ անպատասխանությունը չէ քաղաքապետարանի հայտնած  և պայմանագրում առկա տեղեկությունների: Մասնավորապես, Վ. Արևշատյանը մեզ ուղղված իր պատասխանում նշում է նաև հետևյալը. «…ճյուղերի ձեռքբերման մասով տեղեկացնենք, որ Հրազդանի անտառտնտեսությունը սանիտարական էտի արդյունքում յուրաքանչյուր տարվա համար անվճար տրամադրել է սոճենու ճյուղեր»:

Մինչդեռ պայմանագրում նշվում է, որ մատուցվող ծառայությունը ներառում է նաև ճյուղերի կտրատելը: Ավելին, պայմանգրում նշվում է նաև, որ պետք է կտրատվեն ոչ թե սոճենու, այլ եղևնու ճյուղեր: Այսինքն, եթե իրականում կտրատելու աշխատանքները չեն իրականացվել «Ձևավորում» ՓԲԸ-ի կողմից, ապա, թերևս, պայմանագրի արժեքը պետք է որոշակիորեն քիչ լիներ:

Առհասարակ, պայմանագրում չկա նաև հստակ նշումներ, թե կոնկրետ որ աշխատանք/ծառայությունը ինչ արժեք ունի և ինչպե՞ս է ձևավորվել 13,45 միլիոն դրամ ընդհանուր արժեքը:

Ովքե՞ր են իրականացնում տոնածառի տեղադրման աշխատանքները

Ինչպես նշեցինք, 2017-ի մայր տոնածառի տեղադրման վերաբերյալ ծառայությունների պայմանագիրը կնքվել է 2016-ի հունիսի 6-ին՝ «Ձևավորում» ՓԲ ընկերության և «Երևան» հիմնադրամի միջև: Քաղաքապետարանի կողմից վաղուց ձևավորված պրակտիկա է, երբ գումարներ է նվիրատվություն արվում այս հիմնադրամին՝ ինչ-որ ծառայություններ ձեռք բերելու համար: Հայտնի է, որ այս հիմնադրամի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, և այն գործում է քաղաքապետարանի նույն հասցեում՝ Արգիշտի 1:

Ինչ վերաբերում է «Ձևավորում» ՓԲ ընկերությանը, ապա այս դեպքում տեղեկությունները սուղ են նույնիսկ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Մասնավորապես, չկա որևէ տեղեկություն ընկերության սեփականատերերի վերաբերյալ: Նշված է միայն տնօրենի անունը՝ Սարգիս Մեսրոպյան: 

Այս ընկերության ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը Երևանի քաղաքապետարանի գերբն է, իսկ բոլոր գրառումները վերաբերում են քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքներին կամ կազմակերպած միջոցառումներին: Այստեղից միայն կարելի է ենթադրել «Ձևավորում» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի սերտ առնչության մասին:

Քաղաքապետարանի գործելաոճը. տեղեկությունների ոչ պատշաճ կերպով տրամադրում

Մայր տոնածառի վրա կատարված ծախսերի մասին Իրավաբան.net-ի առաջին հարցումը Երևանի քաղաքապետարան ուղարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 23-ին, այսինքն, շուրջ 6 ամիս առաջ: Պատասխանը, թեև թվագրված էր դեկտեմբերի 30-ին, սակայն այն մեզ ուղարկվել է 2017 թվականի հունվարի 17-ին (փոստ է հանձնվել): Բացի նրանից, որ հարցմանը պատասխանվել էր ուշացումով, պատասխանվել էր նաև թերի: Մասնավորապես, չկար պատասխան, թե արդյո՞ք միայն ծառայությունների պայմանագրեր են կնքել, թե նաև ապրանքներ են ձեռքբերվել (օրինակ՝ ճյուղեր, լույսեր, խաղալիքներ, այլ զարդարանքներ): Եվ պայմանագրերի պատճեների տրամադրման փոխարեն հայտնել էին, թե դրանք կարող ենք գտնել gnumner.am կայքում: Մինչդեռ, վերոնշյալ կայքը, բացի նրանից, որ բավականին խրթին կառուցվածք ունի՝ բազմաթիվ ենթաբաժիններով ու ահռելի քանակությամբ նյութերով, այստեղ չեն տեղադրվում կատարված գնումների պայմանագրերը, այլ ընդամենը հրապարակվում են գնումների վերաբերյալ տեղեկություններ:

Երկրորդ հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից այս անգամ ուղղորդեցին պայմանագրերը փորձել գտնել նաև budget.yerevan.am ինտերակտիվ բյուջեում: Սակայն այս աղբյուրում ևս պայմանագրերը չեն հրապարակվում:

Թե արդյոք սա միտումնավոր էր արվում՝ պայմանագրերի պատճեները չտրամադրելու նպատակով, թե պատճառն անտեղյակությունն էր, հայտնի է, թերևս, միայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին: Թեև երկու դեպքում էլ Երևանի քաղաքապետարանի հեղինակության օգտին չի կարող մեկնաբանվել:

Երրորդ հարցմանն ի պատասխան, ի վերջո, պայմանագրերի պատճեներն ուղարկվեցին: Սակայն այն հարցը, թե արդյո՞ք տոնածառի զարդարման համար ապրանքներ գնվել են, դարձյալ անպատասխան էր մնացել: Այս գրությունը թվագրված էր փետրվարի 28-ին:

Եվ քանի որ սպասված տեղեկությունների տրամադրումը անընդհատ ձգձգվում էր, որոշեցինք այս անգամ էլեկտրոնային փոստի միջոցով հարցումն ուղարկել: Մարտի 14-ին ուղարկված նամակի պատասխանը ստացվեց մարտի 21-ին էլեկտրոնային փոստի միջոցով: Սակայն ուղարկված դատարակ նամակին կցված էր իրենց նախորդ՝ փետրվարի 28-ին թվագրված գրությունը: Քաղաքապետարանի աշխատակիցը հեռախոսազանգի միջոցով հայտնեց, թե կցվել է նախորդը, քանի որ արդեն իսկ պատասխանված են համարում:

Քաղաքապետարանի հետ այս երկարատև «զրույցն» ավարտվեց մայիսի վերջին, երբ, ի վերջո, դեռևս դեկտեմբերի 23-ին ուղարկված հարցման բոլոր պատասխանները ստացվեցին: Իհարկե, այս ընթացքում գործարքների վերաբերյալ առաջ եկան այլ հարցեր ևս, սակայն յուրաքանչյուր հարցման պատասխան ստանալու համար 6 ամիս ծախսելն ուղղակի անիրատեսական է:

Նշենք, որ սա քաղաքապետարանի կողմից այս կերպ վարվելու առաջին դեպքը չէ: Նմանատիպ իրավիճակ էր ստեղվեծ նաև մեկ այլ գնման հետ կապված:

Աստղիկ Կարապետյան

Իրավաբան.net     

  Դիտվել է`

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել