«Ամանորի անակնկալներ» արտահայտությունը վաղուց արդեն չի վերաբերում հայաստանյան մայր տոնածառին՝ այն թեև թանկարժեք է, սակայն վերջին տարիներին մշտապես նույն տեսքն ունի: Այո, բոլորովին էլ արդիական չէ այս պահին գրելը Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի մասին, երբ մարդկանց ուղեղում ծովն է, ամառային հանգիստը: Սակայն հարկատուներիս միջոցներից զգալի ֆինանսական միջոցներ են հատկացվում տարիներ շարունակ միևնույն զարդարանքով ու արդեն անհետաքրքիր դարձած տոնածառի վրա:
Վերջին երեք տարիներին (2014, 2015, 2016) մայրաքաղաքում տոնածառերի տեղադրման և ձևավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով յուրաքանչյուր տարի Երևանի բյուջեից հատկացվել է շուրջ 22 միլիոն դրամ կամ շուրջ 46 000 դոլար: Այս գումարի 13.45 միլիոն դրամը (շուրջ 28 հազար դոլար) հատկացվել է Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի տեղադրման ու ձևավորման համար:
«Վերջինս ներառում է տոնածառի մետաղական կարկասի տեղադրման, պատվանդանի կառուցման, կարկասների վրա տոնածառի ճյուղերի հավաքման, լուսավորության վահանակաների տեղադրման, լուսային շարանների մոնտաժման, խաղալիքների և գագաթի տեղադրման, տոնածառի ապամոնտաժման, տեղափոխման և այլ անհրաժեշտ աշխատանքներ»,- Իրավաբան.net-ի հարցմանը պատասխանել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը:
Մայր տոնածառի տեղադրման խնդիրներով զբաղվում է «Ձևավորում» ՓԲ ընկերությունը: Այսպես, 2015 և 2016 թվականների մայր տոնածառի տեղադրման համար պայմանագրեր կնքվել են Երևանի քաղաքապետարանի և «Ձևավորում» ՓԲ ընկերության միջև: Ըստ այս պայմանագրերի՝ «Ձևավորում» ընկերությունը 13.45 միլիոն դրամի դիմաց կատարել է հետևյալը.
- Հանրապետության հրապարակում մետաղական կարկասի տեղադրում,
- Մարզերում եղևնու ճյուղերի կտրատում, բարձում մեքենաների վրա, տեղափոխում Երևան,
- Խաղալիքների, լույսերի, ճյուղերի տեսակավորում, տեղափոխում Հանրապետության հրապարակ,
- Մայր տոնածառի պատվանդի կառուցում, տոնածառի ճյուղերի հավաքում երկաթե կարկասի վրա, լուսավորության վահանակների տեղադրում, լուսային շարանների մոնտաժում, խաղալիքների տեղադրում, լուսավորության փորձարկում, գագաթի տեղադրում:
- Տոնական օրերին հերթապահության ապահովում, ապամոնտաժում, տեղափոխում պահեստ:
2017-ի մայր տոնածառի տեղադրման վերաբերյալ պայմանագիրը կնքվել է 2016-ի հունիսի 6-ին՝ «Ձևավորում» ՓԲ ընկերության և «Երևան» հիմնադրամի միջև: Այս տարի մայր տոնածառի տեղադրման համար «Ձևավորում» ՓԲ ընկերությունը նույն աշխատանքներն է կատարել: Միայն թե այս դեպքում պայմանագրում նշված է, որ մարզերում պետք է կտրտել 6000 հատ եղևնու ճյուղ:
Իրավաբան.net-ի հարցմանն ի պատասխան, թե արդյո՞ք վերջին տարիների մայր տոնածառի զարդարման համար գնվել են նաև լույսեր, ճյուղեր, խաղալիքներ, Վիլեն Արևշատյանը պատասխանել է. «Հանրապետության հրապարակում Ամանորի մայր տոնածառի ձևավորման համար 2014, 2015 և 2016 թվականներին լույսեր և ճյուղեր չեն գնվել, իսկ տոնածառը զարդարող խաղալիքները ձեռք են բերվել տեղադրման և և ձևավորման ծառայությունների հետ միասին, որոնց գնման համապատասխան պայմանագրերի պատճեները տրամադրվել են Ձեզ»:
Այս պատասխանից ենթադրվում է, որ վերջին տարիներին տոնածառը զարդարող լույսերը գնվել են ավելի վաղ և օգտագործվում են տարիներ շարունակ, սակայն նույնը չի վերաբերում խաղալիքներին: Ամեն տարի տոնածառի համար նախատեսված և վճարված 13.45 միլիոն դրամ արժեքի մեջ ներառված է եղել խաղալիքների ձեռքբերման արժեքը: Եվ, փաստորեն, վերջին մի քանի տարիներին անընդհատ միևնույն դիզայնով տոնածառի համար գնվում են նոր խաղալիքներ:
Սակայն Վ. Արևշատյանի հիշատակած պայմանագրերում խաղալիքների ձեռքբերման տող չի նշվում: Եվ սա միակ անպատասխանությունը չէ քաղաքապետարանի հայտնած և պայմանագրում առկա տեղեկությունների: Մասնավորապես, Վ. Արևշատյանը մեզ ուղղված իր պատասխանում նշում է նաև հետևյալը. «…ճյուղերի ձեռքբերման մասով տեղեկացնենք, որ Հրազդանի անտառտնտեսությունը սանիտարական էտի արդյունքում յուրաքանչյուր տարվա համար անվճար տրամադրել է սոճենու ճյուղեր»:
Մինչդեռ պայմանագրում նշվում է, որ մատուցվող ծառայությունը ներառում է նաև ճյուղերի կտրատելը: Ավելին, պայմանգրում նշվում է նաև, որ պետք է կտրատվեն ոչ թե սոճենու, այլ եղևնու ճյուղեր: Այսինքն, եթե իրականում կտրատելու աշխատանքները չեն իրականացվել «Ձևավորում» ՓԲԸ-ի կողմից, ապա, թերևս, պայմանագրի արժեքը պետք է որոշակիորեն քիչ լիներ:
Առհասարակ, պայմանագրում չկա նաև հստակ նշումներ, թե կոնկրետ որ աշխատանք/ծառայությունը ինչ արժեք ունի և ինչպե՞ս է ձևավորվել 13,45 միլիոն դրամ ընդհանուր արժեքը:
Ովքե՞ր են իրականացնում տոնածառի տեղադրման աշխատանքները
Ինչպես նշեցինք, 2017-ի մայր տոնածառի տեղադրման վերաբերյալ ծառայությունների պայմանագիրը կնքվել է 2016-ի հունիսի 6-ին՝ «Ձևավորում» ՓԲ ընկերության և «Երևան» հիմնադրամի միջև: Քաղաքապետարանի կողմից վաղուց ձևավորված պրակտիկա է, երբ գումարներ է նվիրատվություն արվում այս հիմնադրամին՝ ինչ-որ ծառայություններ ձեռք բերելու համար: Հայտնի է, որ այս հիմնադրամի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է, և այն գործում է քաղաքապետարանի նույն հասցեում՝ Արգիշտի 1:
Ինչ վերաբերում է «Ձևավորում» ՓԲ ընկերությանը, ապա այս դեպքում տեղեկությունները սուղ են նույնիսկ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում: Մասնավորապես, չկա որևէ տեղեկություն ընկերության սեփականատերերի վերաբերյալ: Նշված է միայն տնօրենի անունը՝ Սարգիս Մեսրոպյան:
Այս ընկերության ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը Երևանի քաղաքապետարանի գերբն է, իսկ բոլոր գրառումները վերաբերում են քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքներին կամ կազմակերպած միջոցառումներին: Այստեղից միայն կարելի է ենթադրել «Ձևավորում» ՓԲԸ-ի և Երևանի քաղաքապետարանի սերտ առնչության մասին:
Քաղաքապետարանի գործելաոճը. տեղեկությունների ոչ պատշաճ կերպով տրամադրում
Մայր տոնածառի վրա կատարված ծախսերի մասին Իրավաբան.net-ի առաջին հարցումը Երևանի քաղաքապետարան ուղարկվել է 2016 թվականի դեկտեմբերի 23-ին, այսինքն, շուրջ 6 ամիս առաջ: Պատասխանը, թեև թվագրված էր դեկտեմբերի 30-ին, սակայն այն մեզ ուղարկվել է 2017 թվականի հունվարի 17-ին (փոստ է հանձնվել): Բացի նրանից, որ հարցմանը պատասխանվել էր ուշացումով, պատասխանվել էր նաև թերի: Մասնավորապես, չկար պատասխան, թե արդյո՞ք միայն ծառայությունների պայմանագրեր են կնքել, թե նաև ապրանքներ են ձեռքբերվել (օրինակ՝ ճյուղեր, լույսեր, խաղալիքներ, այլ զարդարանքներ): Եվ պայմանագրերի պատճեների տրամադրման փոխարեն հայտնել էին, թե դրանք կարող ենք գտնել gnumner.am կայքում: Մինչդեռ, վերոնշյալ կայքը, բացի նրանից, որ բավականին խրթին կառուցվածք ունի՝ բազմաթիվ ենթաբաժիններով ու ահռելի քանակությամբ նյութերով, այստեղ չեն տեղադրվում կատարված գնումների պայմանագրերը, այլ ընդամենը հրապարակվում են գնումների վերաբերյալ տեղեկություններ:
Երկրորդ հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից այս անգամ ուղղորդեցին պայմանագրերը փորձել գտնել նաև budget.yerevan.am ինտերակտիվ բյուջեում: Սակայն այս աղբյուրում ևս պայմանագրերը չեն հրապարակվում:
Թե արդյոք սա միտումնավոր էր արվում՝ պայմանագրերի պատճեները չտրամադրելու նպատակով, թե պատճառն անտեղյակությունն էր, հայտնի է, թերևս, միայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին: Թեև երկու դեպքում էլ Երևանի քաղաքապետարանի հեղինակության օգտին չի կարող մեկնաբանվել:
Երրորդ հարցմանն ի պատասխան, ի վերջո, պայմանագրերի պատճեներն ուղարկվեցին: Սակայն այն հարցը, թե արդյո՞ք տոնածառի զարդարման համար ապրանքներ գնվել են, դարձյալ անպատասխան էր մնացել: Այս գրությունը թվագրված էր փետրվարի 28-ին:
Եվ քանի որ սպասված տեղեկությունների տրամադրումը անընդհատ ձգձգվում էր, որոշեցինք այս անգամ էլեկտրոնային փոստի միջոցով հարցումն ուղարկել: Մարտի 14-ին ուղարկված նամակի պատասխանը ստացվեց մարտի 21-ին էլեկտրոնային փոստի միջոցով: Սակայն ուղարկված դատարակ նամակին կցված էր իրենց նախորդ՝ փետրվարի 28-ին թվագրված գրությունը: Քաղաքապետարանի աշխատակիցը հեռախոսազանգի միջոցով հայտնեց, թե կցվել է նախորդը, քանի որ արդեն իսկ պատասխանված են համարում:
Քաղաքապետարանի հետ այս երկարատև «զրույցն» ավարտվեց մայիսի վերջին, երբ, ի վերջո, դեռևս դեկտեմբերի 23-ին ուղարկված հարցման բոլոր պատասխանները ստացվեցին: Իհարկե, այս ընթացքում գործարքների վերաբերյալ առաջ եկան այլ հարցեր ևս, սակայն յուրաքանչյուր հարցման պատասխան ստանալու համար 6 ամիս ծախսելն ուղղակի անիրատեսական է:
Նշենք, որ սա քաղաքապետարանի կողմից այս կերպ վարվելու առաջին դեպքը չէ: Նմանատիպ իրավիճակ էր ստեղվեծ նաև մեկ այլ գնման հետ կապված:
Աստղիկ Կարապետյան